23/07/2025

Ցավալի է, բայց կանխատեսելի էր. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալու մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիրը կազմակերպությունից դուրս բերելու որոշման կապակցությամբ։

«Չնայած ցավալի է, այս հայտարարությունը կանխատեսելի էր, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ էր դրան»,- ասել է նա։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական հաղորդագրության, որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի վերջին։

«Այս որոշումը հակասում է բազմակողմանիության հիմնարար սկզբունքներին և կարող է հատկապես ազդել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր բազմաթիվ գործընկերների վրա, որոնք ձգտում են իրենց օբյեկտները ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում, ստանալ ստեղծագործ քաղաքի կարգավիճակ և ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններ»,- ասել է նա:

Ազուլեն շեշտել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծվել է աշխարհի բոլոր ազգերին միավորելու համար, և Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ եղել է և միշտ կլինի կազմակերպության ողջունելի անդամ։«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր բոլոր ամերիկացի գործընկերների հետ մասնավոր հատվածում, ակադեմիական և ոչ առևտրային կազմակերպություններում, և կշարունակենք մեր երկխոսությունը վարչակազմի և Կոնգրեսի հետ»,- նշել է Ազուլեն։

Հուլիսի 22-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Թրամփը նման քայլեր էր ձեռնարկել նաև իր նախագահության առաջին ժամկետում և դուրս էր եկել, այդ թվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կլիմայի շուրջ համաձայնագրից։ Նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո վերադարձրել էր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և կլիմայի շուրջ համաձայնագիր։