09/08/2025

Գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար` չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները

Ամեն դեպքում արժե արդեն իրողություն դարձած փաստերն ու կանխատեսումները զատել իրարից: Կայացած փաստերից առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, ոչինչ չձեռնարկեց, որ Արցախը չհայաթափվի և հիմա փորձում է որոշել Արցախի չլինելու, արցախցիների` իրենց երկիր չվերադառնալու ճակատագիրը:

Հրապարակ թերթը գրել է․ Եթե պարզ ասենք` Արցախի դագաղի վերջին մեխն է խփում: Այդ թեման չկա այսօր և նա ամեն ինչ անում է, որ չլինի նաև վաղը ու երբևէ: Ապշեցուցիչ ինքնավստահությամբ ու ցինիզմով միանձնյա վճռում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր` չվախենալով ոչ երկրային, ոչ երկնային դատաստանից:

Բայց այս զիջումների ու զոհողությունների դիմաց էլ ոչինչ չի ստանում` ոչ միայն Արցախի հետ կապված, այլ նաև մյուս հարցերի` ոչ գերիների վերադարձ, ոչ սահմանի բացում, ոչ ադրբեջանական զորքի հետքաշում ՀՀ տարածքներից…

Հիմա նայենք, թե ճանապարհների ապաշրջափակում ասելով ինչ են հասկանում Թրամփի «ճանապարհը» տվողները: Այդ ճանապարհով ի՞նչ են տեղափոխելու հայերը, ո՞վ է համարձակվելու երթևեկել, թեկուզ ասենք` Նախիջևանով կարճ ճանապարհով Մեղրի մեկնել:

Ոչ ոք ու ոչինչ: Մինչդեռ պարզ է, որ ռուսների ու հատկապես Իրանի հետ լուրջ խնդիրներ են ծագելու: Ներդրումներ, բլա, բլա, Հայաստանի ինքնիշխանություն, ճանապարհը հսկող և շահագործող հայ- ամերիկյան կոնսորցիում… սրանք լապշաներ են` ժողովրդի ականջներից կախելու համար: Մի լսեք ու դրանցով մի խաբվեք:

Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն իր տգիտության, կակղամորթության, իշխանասիրության պատճառով զոհաբերում է հայ ժողովրդի շահերը, մեր պետությունը դնում է մուրճի ու սալի արանքում, վտանգում է մեր պետության գոյությունը, սերունդների ապագան…

Միայն մի բան չգիտեմ` դա անում է գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար` չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները: