10/08/2025

Թանաքը չի չորացել՝ Ալիևը նույնն է պնդում․ մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն

Այսօր մենք ականատես ենք լինում իսկապես պատմական օրվա՝ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության, խաղաղության, տնտեսական հնարավորությունների, ներդրումների, էներգետիկ անվտանգության և մի շարք այլ հարցերի առումով։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում լրագրողների հետ հարցազրույցում։

«Օգոստոսի 8-ը պատմական օր է մեր միջպետական հարաբերություններում, որը շատ դրական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցածը շատ կարևոր կլինի նաև ամբողջ տարածաշրջանի, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում», -ընդգծել է Ալիևը։

Նա կոչ արել է ժամանակ չվատնել. «Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի»։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը հստակ ցույց է տալիս մեր մտադրությունները, ցույց է տալիս, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք նաև ուզում ենք փոխկապակցվածություն։ Մենք ուզում ենք ինտեգրացիա մեր երկրի երկու մասերի միջև՝ անվտանգ միջանցքի միջոցով, որը բազմաթիվ հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի, հենց Հայաստանի համար», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նրա խոսքով, «եթե Հայաստանի սահմանադրությունը փոփոխվի՝ հայկական կողմը նույնպես հայտարարում է, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կբացառվեն դրանից։ Հակառակ դեպքում, դա անհարգալից կլինի, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»։

«Քանի որ բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումը ըմբռնումով են ընկալվում գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, խաղաղության համաձայնագիր ստորագրելիս բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն դրանից։ Հետևաբար, ես որևէ կասկած չունեմ այս հարցում», – նշել է Ադրբեջանի նախագահը։