10/08/2025

Նարեկ Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ՀԾԿՀ-ի և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանն օգոստոսի 8-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։

Պահանջ: Կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» որոշման վարույթը հարուցելու մասով՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պ/մ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ 2025թ. հուլիսի 15-ի հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» որոշում էր կայացրել։

Նախարարությունը նշել էր, որ ՀԷՑ-ում ավելանում են համակարգային վթարները, օդային բազմաթիվ գծեր ֆիզիկապես մաշված են և ժամանակին չեն վերակառուցվել, չեն ապահովվում էլեկտրաէներգիայի համապատասխան լարման ցուցանիշները և այլն, «ինչը բերում է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների»։ «Մատուցված ծառայությունների որակը վատ է, իսկ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ։ Դրանից սպառողների շրաջանում առաջանում էր դժգոհություն, քանի որ խախտվում են նրանց իրավունքները»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հուլիսի 18-ին Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշում էր կայացրել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ «ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջների, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով»։

Հանձնաժողովի նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։