16/10/2025

Նիկոլ Փաշինյանի հերթական մութ գործարքը խոշոր բիզնեսի հետ

Անցյալ հինգշաբթի կառավարությունը որոշում կայացրեց՝ «Վիվա Արմենիա» ընկերությունում իր ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը 50 մլն դոլարով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ: 

Հրապարակ թերթը գրել է․ Դեռ 1,5 տարի առաջ՝ 2024 թվականին, «Վիվա Արմենիա» ընկերության սեփականատեր՝ ինչ-որ անհայտ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերություն ՀՀ կառավարությանն է նվիրաբերել իրեն պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 20 % բաժնեմասը։ Այժմ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն առաջարկել է կառավարության հետ կնքել վաճառքի օպցիոն պայմանագիր, որով կկարողանա հետ գնել իր իսկ նվիրաբերած բաժնետոմսերը:

Հիշեցնենք․ Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited-ը «Վիվա Արմենիայի» բաժնետերը դարձավ 2024 թվականին, երբ ռուսական «Мобильные Телесистемы» (ՄՏՍ) ընկերության դուստր «ՎիվաՍելը» դուրս եկավ ռուսական MTS խմբից:

Ի դեպ, 2024 թվականին, երբ կառավարությունն ընդունում էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի նվերը, Փաշինյանը գլուխ էր գովում, թե Հայաստանի ժողովուրդը հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերության 20 տոկոս բաժնեմասն է ստանում: Ի՞նչ եղավ հիմա, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ որոշեց, որ Հայաստանի ժողովրդին պետք չէ այդ բաժնեմասը, մինչ օրս պարզաբանված չէ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարությունն իր բաժնեմասը վաճառում է՝ կատարելով «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի պահանջը: Նա հիշեցնում է, որ 2024 թվականին այս ընկերությունը բաժնետոմսերը ՄՏՍ-ից գնել է 200 մլն դոլարով, եւ դրանց 20 տոկոսը Հայաստանի կառավարությանը նվիրաբերելուց հետո կառավարությունը որեւէ մասնակցություն, միջամտություն այս կազմակերպության գործունեության մեջ չի ունեցել, որեւէ կերպ չի մասնակցել կառավարմանը:

«Վերջին շրջանում «Վիվա Արմենիան» նախատեսել է մի շարք խոշոր ներդրումներ, նախագծեր: Օրինակ, պարտատոմսեր թողարկեց մոտ 80 մլն դոլարի չափով: Նրա վերջին գործարքը «Օվիո» ընկերության գնումն էր՝ նախկին «Ռոստելեկոմի»: Կարծում եմ, այս ընկերությունը ցանկանում է մի շարք խոշոր ներդրումներ իրականացնել «Վիվա»-ում, որի արդյունքում կարող է թանկանալ «Վիվա»-ի արժեքը, եւ նա իր համար որոշակի երաշխիքներ է ստանում, որ այդ ներդրումներն անելուց հետո ՀՀ կառավարությունը, որը չի մասնակցում այս պրոցեսներին, թանկ չի վաճառի բաժնետոմսերը: Կարծում եմ, սա է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի հետաքրքրությունը»,- ասում է տնտեսագետը:

Իսկ ո՞րն է ՀՀ կառավարության հետաքրքրությունը: «Ակնհայտ է, որ այս քայլը չի իրականացվում պետության տնտեսական քաղաքականության նպատակներից ելնելով: Սա ուղղակի անհատական պայմանավորվածություն է՝ ընկերության 80 տոկոսի սեփականատիրոջ հետ»,- ասում է տնտեսագետը եւ հիշեցնում, որ ՀՀ վարչապետը նախկինում հայտարարում էր, թե «Վիվա Արմենիայի» բաժնետերը դառնալով՝ ապագայում նախատեսում են, որ բաց բաժնետիրական ընկերություն են դառնալու, որ բոլորը կկարողանան գնել «Վիվա»-ի բաժնետոմսերը, դրանք կհանեն վաճառքի, հասանելի կլինեն եւ այլն: «Եվ այս քայլը՝ բաժնետոմսերի վաճառքը, հակասում է նախկին հայտարարություններին», – նշում է Սուրեն Պարսյանը:

Այլ կերպ ասած՝ մութ, անհասկանալի պայմանավորվածություն ունենալով Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի հետ, ՀՀ կառավարությունն իրականացնում է այն: «Այս որոշման մեջ որեւէ երկարաժամկետ քաղաքական մոտեցում չկա: Իհարկե, ուշ թե շուտ, կառավարությունը վաճառելու էր բաժնեմասը, բայց չէ՞ որ այն ժամանակ որոշել էին, որ ԲԲԸ է դառնալու ընկերությունը: Օրինակ, ես ու դուք, գուցե, ուզեինք բաժնետոմս գնել, բայց այս ամենը չեղավ»:
Պարսյանն այս գործարքում զավեշտ է տեսնում: «Փաստորեն, կառավարությունը սրանով ասում է՝ դե, պետությունը լավ կառավարիչ չէ: Նա պետք է վաճառի, բայց, չգիտես ինչու, ՀԷՑ-ի պարագայում նա որոշում է կառավարել ՀԷՑ-ը: Երկուսն էլ Հայաստանի համար՝ ե՛ւ ՀԷՑ-ը, ե՛ւ բջջային կապը, ռազմավարական ենթակառուցվածքներ են: Բայց, ըստ էության, կառավարությունն այս երկու ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ տարբեր մոտեցումներ ունի: Մի դեպքում վերցնում ու կառավարում է, մյուս դեպքում փորձում է ազատվել»:

Ի դեպ, «Վիվա Արմենայի» բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի ցանկում էր: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ ոչ թափանցիկ, անհասկանալի գործարքները վանում են ներդրողներին: Նա նշում է, որ չի հասցրել խորանալ գործարքի մանրամասներում, բայց հիշեցնում է՝ դեռ 2024-ին, երբ տեղի էր ունեցել բաժնետոմսերի նվիրաբերության ոչ թափանցիկ գործարքը, ինքը զգուշացրել է՝ Հայաստանում ներդրումներ չեն լինելու:

«Սամվել Կարապետյանի դեմ արշավից հետո ես ուզում եմ տեսնել այն գլխավոր հերոսին, որը կգա՝ Հայաստանում ներդրում կանի: Մարդն առնվազն տխմար պետք է լինի, որ Հայաստանում երկարաժամկետ ներդրում իրականացնի խոշոր ենթակառուցվածքներում: Բիզնեսմենները բոլորից խելոք են եւ երբ որ տեսնում են, որ առանց դատ-դատաստանի կարելի է ուղղակի արշավել խոշոր գործարարների, համակարգաստեղծ ընկերությունների վրա, ամեն ինչ էլ հնարավոր է Հայաստանում»: