18/08/2025

«Արցախի պրոյեկտն», այո, վերջնականապես կփակվի, եթե ․․․

Արցախից բռնատեղահանված ֆեյսբուքյան օգտատերն անձնական նամակով հարցնում է. «Կա՞ Արցախ վերադարձի հնարավորություն»: Պատասխանում եմ՝ ոչ,- նա տատամսում է: Այս հարցը չափազանց խորքային է:

Ո՞վ է 2017 թվականին կոպտորեն խախտել իրավական երկու հիմնակազմիչ ակտի՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու» և 1992 թվականի հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակման մասին» հռչակագրերը և միջազգայնորեն չճանչված երկիրն անվանել «Արցախի Հանրապետություն»:

Ընդ որում, երկրորդ հռչակագիրը հստակ սահմանում է, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է հռչակվում՝ նպատակ ունենալով «կարգավորել հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները»: Սա ակնհայտ վկայություն է, որ ԼՂՀ պետականության «հայրերը» նրա անկախության միջազգային ճանաչումը պայմանավորել են հայ և ադրբեջանցի բնակչության միջև համաձայնությամբ:

ԼՂՀ-ն վերանվանելով Արցախի Հանրապետության, 2017 թվականի սահմանադրության «հայրերը» Բաքվին և միջազգային հանրությանը միանշանակ ուղերձ են հղել, որ Ադրբեջանից անկախացած պետությունն իրավական, քաղաքական և սոցիալ-մշակութային համակարգով բացառապես հայկական է:

Քառասունչորսօրյա պատերազմը և հետագա ողբերգական իրադարձությունները հետապնդել են «Արցախ պրոյեկտը» ոչնչացնելու նպատակ: Հայ-ադրբեջանական նախաստորագրած համաձայնագիրը պարզապես իրավական առումով հավաստագրում է գետնի վրա իրավիճակը:

Բայց պետք է ուշադրություն դարձնել փաստաթղթի նախաբանին, ըստ որի՝ միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով ձգտելով հասնել խաղաղության, կողմերն առաջնարդվում են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970 թ. հռչակագրով, 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ԱՊՀ կազմավորման մասին Ալմաթիի հռչակագրով:

Եթե հայ-ադրբեջանական «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով վավերացում անցնի և մտնի ուժի մեջ, «Արցախի պրոյեկտն», այո, վերջնականապես կփակվի:

Բայց կունենանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը միջազգայնորեն վերաբացելու իրավական լուրջ հնարավորություն: Ստեփանակերտը պետք է այսօրվանից կենտրոնանա շատ բարդ, ժամանակածախսատար տնային աշխատանքի վրա:

Մանրամասնությունները նրան կասեն միջազգային իրավունքի մասնագետները և իրականում պրոֆեսիոնալ դիվանագետները: