19/10/2025

Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում. Սուրենյանց

Ամենայն հարգանքով Ժիրայր Լիպարիտյանի գիտական և դիվանագիտական վաստակին, այնուհանդերձ անհրաժեշտ եմ համարում արձագանքել նրա հոդվածին, որը տեղ է գտել այսօր՝ «Առավոտում»(հղումը տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում)։

Վաշինգտոնի փաստաթղթերը նա ներկայացնում է չափազանց լավատեսական լույսի ներքո, ինչը մի շարք հարցերում խոցելի է։

Թող կոպիտ չհնչի, սակայն տպավորություն է, որ հոդվածի հեղինակը ոչ թե վաստակաշատ գիտական է, այլ գործող լուզեր կառավարության լոբբիստ:

May be an image of 1 person

Հիմա, ըստ էության:

🔹 Լիպարիտյանը գրում է․ «Ադրբեջանը պարտավորվել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ մի նպատակ, որին Երևանը վաղուց էր ձգտում»:

➡️ Բայց փորձը ցույց է տվել, որ նույն այդ հռչակագրի դրույթները Ադրբեջանը բազմիցս ոտնահարել է՝ ներխուժելով Հայաստանի տարածք, բռնազավթելով բարձունքներ և ուժի կիրառմամբ շանտաժի ենթարկելով մեր երկիրը։ Եթե նախկինում այդ պարտավորությունները խախտվել են առանց հետևանքների, ապա ինչպե՞ս կարելի է այսօր նույն փաստաթղթին հղում անել որպես վստահելի երաշխիք։

🔹 Սահմանադրական փոփոխությունների հարցում Լիպարիտյանը նշում է․ «Հնարավոր է, որ Բաքվի մտահոգությունը անկեղծ է»:

➡️ Բայց սա ոչ թե «անկեղծ մտահոգություն» է, այլ բացահայտ ճնշման գործիք, որով Բաքուն փորձում է Հայաստանի ներքին իրավակարգավորումները դարձնել սեփական շահերի սպասարկու։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել Ադրբեջանի քմահաճույքի առարկա։

🔹 Լիպարիտյանը պնդում է, որ փաստաթղթերը հնարավորություն են տալիս հայերին «փոքր-ինչ հանգիստ շունչ քաշել»:

➡️ Բայց ո՞րն է այդ «հանգստությունը», երբ փաստաթղթերում շրջանցված են գերիների ազատման, դելիմիտացիա/դեմարկացիայի հարցերը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և անվտանգության իրական մեխանիզմները։
Այս խնդիրների անտեսումը ոչ թե ապահովում է հանգստություն, այլ ընդհակառակը՝ խորացնում անորոշությունը։

🔹 Ընդդիմությանը վերաբերող մասում Լիպարիտյանը գրում է, թե այն գործում է «սխալ մղումներից ծայր առած»(իհարկե, ընդդիմության որոշ սեգենտների խոսույթի հետ վերապահումներ ունեմ նաև ես, բայց Լիպարիտյանի ընդհանուր գնահատականը կոշտ է և անարդար):

➡️ Սակայն հենց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու անընդհատ նոր պահանջներն են ձևավորում ընդդիմադիր մտահոգությունները։ Դրանք անտեսելը ոչ միայն քաղաքական անարդարություն է, այլև Հայաստանի ինքնապաշտպանական դիսկուրսի թուլացում։

🔹 Վերջապես, Լիպարիտյանը խոստովանում է․ «Նույնիսկ լավագույն պայմաններում ԱՄՆ երաշխիքները մնում են անկայուն»:

➡️ Եթե նույնիսկ հեղինակը փաստում է, որ ամերիկյան երաշխիքները անկայուն են, ապա ո՞րն է Հայաստանի անվտանգության իրական հենարանը։

Եթե Վաշինգտոնը պատրաստ չէ իր պարտավորությունները ապահովել ուժային կամ քաղաքական լծակներով, իսկ Ռուսաստանը, հեղինակի կարծիքով, արդեն ապացուցել է իր անվստահելիությունը, ապա ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու մեր տարածքային ամբողջականությունը։

Նկատենք, որ Լիպարիտյանը, հայաստանցի շատ վերլուծաբանների օրինակով, ռուսական անվտանգության անկատար համակարգը կարծես համեմատում է իդեալական ինչ-որ վիճակի, և ոչ թե այդ անկատար համակարգի իսպառ բացակայության հետ։

Սակայն հենց այս սխալ համեմատությունն է, որ հանրային դիսկուրսում ձևավորում է պատրանք, թե Ռուսաստանը պարզապես «թերանում է», մինչդեռ իրականությունն այն է, որ նրա տեղում այլևս ոչինչ չի լինելու։ Իսկ երբ չկա ոչինչ, վտանգն առավել մեծ է, քան ցանկացած անկատարություն։

👉 Այսպիսով, Լիպարիտյանի հոդվածը կառուցված է չափազանց լավատեսական ենթադրությունների վրա։ Մինչդեռ իրականությունն այն է, որ առանց գործնական ու ամուր անվտանգության երաշխիքների Հայաստանի ինքնիշխանությունը մնում է խոցելի։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը