19/08/2025

8.8 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 5.8 մագնիտուդով հետցնցում․ ՌԴ

Մոսկվայի ժամանակով ժամը 17:41-ին Կամչատկայում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 455 կիլոմետր հեռավորության վրա, գրանցվել է 5.8 մագնիտուդով հետցնցում, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաբանական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

«Հեռավորությունը ՊԿ-ից՝ 455։ Խորությունը (կմ)՝ 59.8։ Ուժգնությունը՝ 5.8», – հաղորդել է մասնաճյուղի Telegram ալիքը։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդով երկրաշարժը։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականները ամեն օր գրանցում են կրկնվող ցնցումներ՝ հետցնցումներ։ Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են, նշում են սեյսմոլոգները։