Օգոստոսի 20-ին ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց: Այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են՝ հղում անելով Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Ըստ այդմ՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը, Պուտինը պատմել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան հանդիպման արդյունքների մասին։
Ռուսաստանյան կողմն ընդգծել է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների անցկացմանը Թուրքիայի աջակցությունը, շոշափվել են նաև երկկողմ օրակարգի մի քանի հարցեր։ Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են «շարունակել անձնական շփումները»:
Ալյասկայում Միացյալ Նահանգների նախագահի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հեռախոսային կապ է հաստատել Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հարավ-աֆրիկյան հանրապետության նախագահների, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետի հետ:
Էրդողանի հետ հեռախոսազրույցն, այսպիսով, Պուտինի աշխատանքային օրակարգում առաջնահերթ չի դիտվել և, ամենայն հավանականությամբ, չէր կայանա, եթե նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը կապ հաստատած չլիներ ԱՄՆ պետքարտուղարի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ:
Վաշինգտոնում օգոստոսի 18-ին գլոբալ նշանակության համաձայնություն է կայացել՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ եվրաատլանտյան դաշինքի ոչ միայն մասնակից, այլև առաջնորդ: Վլադիմիր Պուտինին չի հաջողվում մասնատել Արևմուտքը և նրա ռազմական պատվար ՆԱՏՕ-ն:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության առևտրա-տնտեսական լուրջ գործընկեր: Եվրամիությունը մշակել է ռազմաարդյունաբերական զարգացման 800 միլիարդ գնահատված ծրագիր:
Վերջին մեկուկես տասնամյակում Թուրքիան այդ ասպարեզում հասել է շատ տպավորիչ հաջողությունների և կարող է լինել ԵՄ «կապալառուներից» մեկը: Թուրքիան արդեն իսկ Ուկրաինայում ԱԹՍ արտադրություն է հիմնադրել:
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ երկու նախագահների հանդիպման հավանականության մասին խոսք չկա: Ռուս-թուրքական հարաբերությունների վրա, անկասկած, «ստվեր է թողնում» նաև Մոսկվա-Բաքու լարվածությունը: Ավելի ճիշտ, վերջինս ածանցված է ռուս-թուրքական աշխարհաքաղաքական «ապահարզանից»:
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքի նախագծերից Ադրբեջանի մեկուսացումը …
«Թակարդ է, որի մեջ Պուտինը ցանկանում է, որ մենք մտնենք»․ Կայա Կալաս
ԱՄՆ-ը կերաշխավորի այն Ուկրաինայի անվտանգությունը, որ կփրկվի Պուտինի «ճիրաններից»