27/08/2025

«Մրգերն են հետ ուղարկում, չեն թողնում անցնենք, ոչ մի հստակ պատճառ էլ չեն ասում։ Ռուսներից մեկն ասեց` Փաշինյանին կբարեւեք

Վերջին օրերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրները լուրջ գլխացավանք են դարձել հայ արտահանողների համար: Ռուսաստանի Վերին Լարսի անցակետից երկու օր է՝ հայկական բեռնատարներին ետ են ուղարկում։

Հրապարակ թերթը գրել է․ ՌԴ անցակետից ետ վերադարձած վարորդներից մեկը մեզ պատմեց, որ երեկ արդեն 30 ֆուռ ետ են ուղարկել` առանց հստակ պատճառաբանության։

«Մրգերն են հետ ուղարկում, չեն թողնում անցնենք, ոչ մի հստակ պատճառ էլ չեն ասում։ Ռուսներից մեկն ասեց` Փաշինյանին կբարեւեք, ինքը գնում ա Ամերիկա»:

Հիշեցնենք․ այս տարվա մայիսից Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները եւ խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի։
Հունիսին նաեւ ծաղիկների արտահանման խնդիր առաջացավ։

Մեզ հետ կապ հաստատած բեռնատարի վարորդ Ն. Ա.-ն նշում է, որ արդեն մի քանի տասնյակ բեռնատար է հետ ուղարկվել հայկական կողմ, իսկ նրանք, որոնք հերթում կանգնած են, լուրջ խնդիրների առաջ են կանգնել, քանի որ ժամ առ ժամ ապրանքը կորցնում է թարմությունը, շուկայում դառնում ոչ մրցունակ։ «Սալոր, խաղող, դեղձ: Կոնկրետ իմ բեռնատարում դրանք են, որոնք համարյա ամբողջությամբ փչացել են»,- ասում է մեր զրուցակիցը: Հարցին` ի՞նչ պատճառաբանությամբ է ռուսական կողմը հետ ուղարկում հայկական բեռնատարները, զրուցակիցս նշեց.

«Սանիտարական ինչ-որ խնդիրներ են նշում, պատճառաբանությունը դա է: Ասում են, որ կա լրացուցիչ անցակետ ստեղծելու անհրաժեշտություն: Լարսում Հայաստանն ունի ներկայացուցիչ, երեկվանից զանգում ենք, չի պատասխանում, խնդրում եմ՝ Դուք էլ, որպես լրագրող, փորձեք զանգել, գուցե հաջողվի Ձեզ, գուցե Ձեր զանգին պատասխանի»: Հարցին, թե քանի բեռնատար են հետ ուղարկել, մեր զրուցակիցն ասաց. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց հաստատ մի քանի տասնյակի է հասնում: Կան նաեւ մեքենաներ, որ էս օրերին մեծ հերթերի մեջ են, բայց դա էլ է շատ վատ, ապրանքը ժամ առ ժամ փչանում է, կորցնում է մրցունակությունը, դառնում էժան, անպիտան»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք վարորդից, թե ինչու են իշխանավորները հերքում տարածվող լուրերը: Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը գրել էր, որ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հրապարակումն այն մասին, թե ռուսական կողմը հետ է ուղարկում հայկական բեռնատարները, չի համապատասխանում իրականությանը: Մեր զրուցակիցը նկատեց. «Իշխանությունները կոնյակի խնդիրն էլ էին հերքում, հեղուկ գազի խնդիրն էլ էին հերքում, բայց կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչն էլ ճիշտ էր: Առ այս պահը հեղուկ գազն ահռելի թանկ գնով ենք առնում, դա ինչի՞ արդյունք է»:

ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` լուծվե՞ց կոնյակի արտահանման հարցը: Եթե շաբաթներ առաջ հայկական կոնյակի արտահանումն էր արգելքի տակ, ապա հիմա` միրգ-բանջարեղենինը: «Կոնյակը, ինչպես գիտենք, պատրաստի արտադրանք է, նորմալ հիմա անցնում են դրանք, այս պահին առանձնապես խնդիր չկա: Հիմնականում անցնում է կոնյակը, իսկ եթե անգամ ինչ-որ խնդիրներ են առաջանում, բռնում են, մաքսիմում քսան օր անց բեռնատարը բաց են թողնում: Այսինքն` 80 տոկոսով կարող ենք կոնյակի հարցը լուծված համարել: Ինչպես ասում են` գոնե յոլա գնալ լինում է: Ինչ արած, տեսնենք, թե ընթացքում աշխատանքն ինչպես կընթանա»։