Թուրքիայի տրանսպորտի նախարարն անցած շաբաթվա վերջին բացեց խաղաքարտերը նրանց համար, ովքեր դեռ պատրանքներ ունեն ու հույս, որ Փաշինյանը տնտեսական հեռանկարներ է բացում ու սուվերենություն է բերում Հայաստանի համար:
Հրապարակ թերթը գրել է․ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին թուրք նախարարն անվանեց «ռազմավարական ներդրում»: «Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային զարկերակը կդառնա կարեւոր օղակ Զանգեզուրի միջանցքում, որը հատկապես կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար:
Զանգեզուրի միջանցքը թյուրքական պետություններ եւ Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիայի երկրներ տանող ամենակարճ ճանապարհն է։ Այս երթուղով տարեկան կտեղափոխվի մոտ 15 միլիոն տոննա բեռ»,- հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ու հաշվել, թե ինչ օգուտներ է ստանալու իր երկիրը՝ ոչ միայն աշխարհաքաղաքական առումով, այլեւ՝ տնտեսական, որը, ըստ թուրքական հաշվարկների, 3,6 միլիարդ դոլար է լինելու:
«Ամբողջ աշխարհը միջանցքից է խոսում՝ թե՛ Ամերիկան է միջանցք ասում, թե՛ միջազգային մամուլը, թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, միայն Հայաստանի իշխանությունն է ժողովրդի աչքին թոզ փչում»,- մեկնաբանելով թուրք նախարարի հայտարարությունը՝ «Հրապարակ»-ին ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ու շարունակում՝ սուվերենության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ 99 տարով սեփական տարածքը վարձակալության հանձնողն այլեւս այդ տարածքի տերը չէ:
«Իմիջիայլոց, երրորդ երկիրն է տնօրինում այդ տարածքը, եւ, ինչպես հայտարարվեց, ԱՄՆ-ն այնպես է տնօրինելու, որ իրավունք է ունենալու այդ տարածքն ինչ-որ կոնսորցիումի կամ կողմի հանձնել, այսինքն՝ այնպես են վարձակալում, որ իրենք էլ կարող են ուրիշին հանձնել: Իսկ դա կարող է թուրքական կամ ադրբեջանական կոնսորցիում լինել, եւ, վերջապես, ի՞նչ տարբերություն, թե ով կլինի, եթե տարածքը մերը չէ այլեւս: Նման դեպքեր պատմության մեջ եղել են՝ որպես կանոն, վատ հետեւանքներով: Վերցնենք թեկուզ Հոնկոնգի խնդիրը, որը 99 տարով վարձակալվել էր Անգլիայի կողմից: Արդյո՞ք Չինաստանը տնօրինում էր այն, իհարկե՝ ոչ, եւ եթե Չինաստանի նման հզոր պետություն չլիներ, դժվար թե 99 տարի անց այդ տարածքը կարողանար հետ վերցնել: Այլ օրինակներ էլ կան, օրինակ՝ Պակիստանում, երբ 99 տարի անց չեն կարողանում հետ վերցնել»,- ահազանգում է թուրքագետն ու շարունակում, որ դեռ այս փուլում ԱՄՆ նախագահը խոսում էր եւս 99 տարով երկարաձգելու հնարավորության մասին:
Տիրան Լոքմագյոզյանը շեշտում է՝ հայ ժողովուրդը ոչինչ չգիտի այդ միջանցքի մասին, իշխանությունն անգամ հանձնվող ճանապարհի լայնության մասին չի հայտնում: «Մենք լսում ենք, որ 6 կմ է դառնալու: Թուրքական երկաթուղին Նախիջեւանի եւ Հայաստանի վրայով կապվելու է Ադրբեջանի երկաթուղուն, որը պետք է հասնի մինչեւ Չինաստան: Իրենք ասում են, որ կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, բայց պարզ է, չէ՞, որ երկաթուղու կառուցումը մեկ օրվա բան չէ, պետք է ծրագիր լինի: Սա նշանակում է՝ իրենք հաստատ գիտեին, որ այն ստանալու են»,- ասում է մեր զրուցակիցը եւ շեշտում․ սա եւս մի փաստ է, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունը բերվել է հենց այդ ծրագիրն սպասարկելու համար:
«Փաշինյանը չի զիջում, նա ծրագիր է իրականացնում, նա ծրագրի մասին գիտեր ի սկզբանե ու քայլ առ քայլ առաջ է տանում այն: Այս ճանապարհն այդ ծրագրի հերթական քայլն է, ինքը դրա համար է աշխատում: Ես վաղուց եմ ասել՝ խնդիրը միայն Արցախը չէր, Հայաստանն էլ էր, ու դա արդեն ասում են նաեւ ամերիկացի ու եվրոպացի մասնագետները, որոնք զարմանում են՝ չհասկանալով, որ Փաշինյանն այլ երկրի շահեր է սպասարկում»,- եզրափակում է մեր զրուցակիցը:
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար