27/08/2025

Ավինյանը «հանցագործին» ոչ միայն պահում է քաղաքապետարանում, այլեւ պաշտոնը բարձրացնում․ Լուսանկարներ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է ներկայացրել՝ անցնելով աշխատանքի իր մտերիմ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի մոտ։

«Հրապարակ»-ը գրել է. Երեւանի քաղաքապետարանից տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն չէին տվել։ Ահա, այսօր, Երեւանի քաղաքապետի խոսնակը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Գրիգորյանը օգոստոսի 22-ից ազատված է աշխատանքից։ Նրան փոխարինում է տեղակալը՝ Վիլեն Արեւշատյանը։

Վերջինս դեռեւս ՀՀԿ-ից է մնացել ՔՊ-ին, նա քաղաքապետարանի այն պաշտոնյաներից է, որը մշտապես պարգեւատրվել է, եղել է քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ, այնուհետեւ՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Դեռեւս 2015 թվականին ՔՊ-ականները ստեղծել էին «Հանցագործ ընտրակեղծարարները, ճանաչեք» էջը, որտեղ երբեմնի ընդդիմադիր Տիգրան Ավինյանը Վիլեն Արեւշատյանին ընտրակեղծարար լինելու գրառմամբ կիսվել էր։

Ինչ է ստացվում․ Տիգրան Ավինյանը իր իսկ կողմից «հանցագործ» ճանաչածին ոչ միայն պահում է քաղաքապետարանում, այլ նաեւ պաշտոնը բարձրացնում։