10/09/2025

Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարան արկ տեղափոխած բեռնատարի վարորդը հայտնաբերվել է. Լուսանկար

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 27-ին իրավապահները «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հակատանկային արկ էին հայտնաբերել։

Դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին. «Օգոստոսի 27-ին՝ ժամը 20:25-ին, Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ գործարանի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ բեռնատարով գործարան բերված երկաթի թափոնների մեջ աշխատակիցները նկատել են հակատանկային արկ՝ փաթեթավորված պոլիէթիլենային պարկով:

Իրավապահները արձանագրել են արկի հայտնաբերման փաստը, և ներկայումս ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ բեռնատարի վարորդին հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»:

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Նաև հայտնել էինք, որ գործարանի սեփականատերը գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանն է, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է:

Ի պատասխան հարցի՝ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում վարորդը հայտնաբերվել և հարցաքննվել է։ Նախաքննությունը շարունակվում է։