Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատելով Irna պաշտոնական գործակալության տարածած տեքստից, երեք կարևոր հարց է բարձրացրել:
Նա առաջարկել է ձևավորել «ծՃգնաժամերի կառավարման կոմիտե, որտեղ կընդգրկվեն անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Ըստ Իրանի նախագահի՝ «կոմիտեն» պետք է «օպերատիվ արձագանքի անդամ երկրի ինքնիշխանության խախտմանը և տարածաշրջանային կայունության սպառնալիքներին»:
Փեզեշքիանը ներկայացրել է ՇՀԿ մասին Իրանի պատկերացումը, այն «բազմաբևեռ աշխարհակարգի և բարենպաստ տնտեսական համագործակցության և խաղաղության կառուցման ուղղությամբ գործնական քայլ է պետք է ձեռնարկի»:
Փաստացի դա ՇՀԿ հիմնադիր անդամ և ֆորմալ առումով Իրանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի և Չինաստանի հասցեին սուր «կշտամբանք» է: Իրանը ենթարկվել է հարձակման, գտնվում է նոր էսկալացիայի իրական սպառնալիքի տակ, բայց ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, միջուկային տերություն Ռուսաստանը և Չինաստանը գործնականում ոչինչ չեն ձեռնարկել և շարունակում են ըստ էության մնալ «դիտորդ»:
Իրանի նախագահի երկրորդ առաջարկությունը ֆինանսա-տնտեսական է: Նա գտնում է, որ ՇՀԿ-ն պետք է ունենա «հատուկ հաշիվ», որպեսզի ճգնաժամային իրավիճակում անդամ երկրին ցուցաբերի «տնտեսությունը կայունացնելու համար բավարար աջակցություն»:
Եթե ասվածը ձերբազատենք դիվանագիտական ձևակերպման նրբանկատությունից, ապա կստացվի, որ Իրանի նախագահն իր երկրի զրկանքների համար ՇՀԿ-ից ֆինանսական աջակցություն է ակնկալում:
Իսկ որպեսզի դա չընկալվի որպես «նվիրատվության խնդրանք», Մասուդ Փեզեշքիանը հրապարակ է բերել Իրանի «թագախաղաքարտը», նա պատրաստակամություն է հայտնել Չաբահար նավահանգիստը կապել Իրանի երկաթուղային ցանցին, որպեսզի Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները և Աֆղանստանը «լրացուցիչ հասանելիություն ունենան»:
Խոսքը Պարսից ծոցի նավահանգստի մասին է, որտեղ մուտքը թվարկած երկրներին թույլ կտա առևտրային նավագնացություն իրականացնել արդեն նաև Հնդկական օվկիանոսում: Ի դեպ, այդ նավահանգիստը ենթադրաբար դիտարկվում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքային հաբ, բայց Իրանի նախագահը ՇՀԿ գագաթաժողովի ելույթում այդ մասին նույնիսկ ակնարկ չի արել:
Իրանի ցանկությունը՝ Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնել բացառապես իր տարածքով, միանգամայն հասկանալի է: Բայց թե չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ», թե «Միջին միջանցք» և «Թրամփի կամուրջ» նախագծերը նաև քաղաքական են կամ ավելի ճիշտ՝ առաջին հերթին քաղաքական են:
Եվ բոլոր հարցերը բախվում են մեկ խոչընդոտի՝ Իրանի կրոնապետություն և միջուկային ծրագիր: Մասուդ Փեզեշքիանը հայտնվել է բարդ իրավիճակում. Թեհրանում ներքաղաքական սրացումն այնքան ակնհայտ է, որ արտգործնախարար Արաղչին արդեն հրապարակային քննադատություն է հնչեցնում Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի հասցեին: Կհաղթահարի՞ նա այդ փորձությունը, թե՞ նրա «հարցերը կլուծեն»:
Բաց մի թողեք
Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա
Հարցում․ 63%–ը որպես Ադրբեջանի թշնամի է նշել Ռուսաստանին, 60%–ը՝ Հայաստանին
Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե …