Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի` Աշոտ Երկաթի վրա քաղաքական իշխանությունը եկած օրվանից գործեր է կարում։ 2020-ից սկսած՝ նրան մեղադրում են մե՛կ ապօրինի զենք պահելու, մե՛կ իշխանությունը յուրացնելու փորձերի, սպանությունների նախապատրաստման եւ այլ հոդվածներով։
Հրապարակ թերթը գրել է․ Բայց դրանց մեծ մասը կարճվել է, որովհետեւ ոչ մի հիմք չի եղել՝ հետապնդումը շարունակելու: Միակը, որը մինչ այժմ քննության մեջ է, ապօրինի զենք պահելու հոդվածով հարուցված գործն է, որը մեկնարկել է 2020 թվականին։ Մարդիկ ապշած են, որ պատերազմներում կռված հերոսին, այսօր վտանգված Սյունիքում ապրող ջոկատի հրամանատարին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ:
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Աշոտ Մինասյանը: Մեղադրանքում նշված է․ «Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ապօրինի կերպով խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշմամբ սահմանված կարգը, չունենալով ոստիկանության մարմինների կողմից տրված համապատասխան թույլտվություն, ձեռք է բերել, փոխադրել եւ Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի 1/1 հասցեում գտնվող «Կանթեղ» ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել է հրազեն, ռազմամթերք, փշրտող պայթուցիկ նյութ»։
Քրեական գործի քննությունն ավարտվել է, եւ դատական առաջին ատյանում Աշոտ Մինասյանը մեղավոր է ճանաչվել, սակայն պատիժը՝ ազատազրկում 2 տարի, պայմանականորեն չի կիրառվել։ Ե՛վ դատախազությունը, ե՛ւ պաշտպանական կողմը առաջին ատյանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որտեղ էլ որոշումը կտրուկ փոփոխվել է։
Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել պայմանական ազատազրկումը եւ Աշոտ Մինասյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման քրեակատարողական հիմնարկում, ինչն անսպասելի է եղել բոլորի համար։ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը․ «Սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել։ Առաջին ատյանի դատարանը պատիժը պայմանականորեն չէր կիրառել, Վերաքննիչ դատարանը, մեր գնահատմամբ` անօրինական կերպով «չկիրառելը» վերացրել է, մեր բողոքն էլ մերժել է, քանի որ մենք գտնում էինք, որ պարոն Մինասյանը ենթակա էր արդարացման։ Պատիժը 2 տարի էր, որը վերաքննիչն անփոփոխ թողեց։ Դեռ չենք ստացել դատական ակտը, այն ստանալուց հետո պարտադիր բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան»։
Վերաքննիչում դատարանի կազմում եղել են Արմեն Դանիելյանը, Հարություն Պետրոսյանը եւ նախագահող Սեւակ Համբարձումյանը։
Անդրադառնալով «զենք-զինամթերք» պահելուն, առաջադրված մեղադրանքին ու Աշոտ Մինասյանի առնչությանն այդ զենքերին, Միհրան Պողոսյանն ասաց․ «Մենք որեւէ կապ չունենք այդ զենք-զինամթերքի հետ։ «Եթե քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է»․ այդ սկզբունքով են առաջնորդվել, այս պարագայում էլ եթե Սիսիան քաղաքում զենք է հայտնաբերվել, ուրեմն Աշոտ Մինասյանը դրա հետ առնչություն ունի, ինչն անթույլատրելի է։
Զենքը հայտնաբերվել է «Հայանտառին» պատկանող տարածքից, իրենց դիտարկմամբ` մոտ 200 մետր հեռավորության վրա Մինասյանը մինչեւ 2016 թիվը ունեցել է ռեստորանային համալիր, միակ կապը դա է։ Այն, ինչ կա, դա եմ ներկայացնում, մնացած դատողությունները կարող են ձեր ընթերցողներն անել, թե ինչքանով կապ ունի Աշոտ Մինասյանը։ 200 մետրով ինչքանով հեռու է այս օբյեկտից, նույնքան էլ հեռու է այլ օբյեկտից։
Ընդ որում, առանձնացած տարածք չի եղել, ցանկացած մարդ այդտեղ ելքումուտք է ունեցել։ Հուսով եմ՝ մի օր Վերաքննիչ դատարանի դիմացի տարածքում թմրանյութ կգտնեն, ինչի համար պատասխանատվության կենթարկեն, օրինակի համար, Վերաքննիչ դատարանի որոշ դատավորների․ նույն սկզբունքն է»։
Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, սակայն մի պահ եղել է կալանքի տակ․ «Դա էլ է աբսուրդի ժանրից, երբ մի տարի գործով քննությունն ընթանում էր, Վերաքննիչ դատարանը էլի հայտնի դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ որոշել էր փոխել կալանքի, որը երկամսյա ժամկետում հետո վերացվեց, այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց»։
Կապ հաստատեցինք նաեւ Աշոտ Մինասյանի որդու՝ Տարոն Մինասյանի հետ։ Նա ասաց, որ հայրն այժմ չի կարող խոսել, գյուղում է, կապերը լավ չեն այնտեղ, խոսելով քրեական գործի եւ մեղադրանքի մասին, ասաց՝ քաղաքական գործ է։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի