2023 թվականի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն բերման ենթարկեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի այլ աշխատակիցների:
Հրապարակ թերթը գրել է․ Իրավապահները հայտնեցին, որ պատճառը խոշոր չափերի յուրացումներն են, որոնց մասնակից է նաեւ թաղապետը, կամ իրականացվել են նրա թողտվությամբ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ավարտ է ունեցել այդ պատմությունը:
Տեղեկացանք, որ շուրջ երկու տարի տեւած դատական պրոցեսներից հետո չարաշահումների մեջ մեղադրվողները դատարանի կողմից արդարացվել են: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը պաշտպանել է մեղադրյալներից մի քանիսին, անդրադառնալով թեմային, ասաց.
«Արմանին մեղադրեցին չարաշահումների մեջ: Նա հիմա Ռուբեն Ռուբինյանի օգնականն է: Բայց ոչ միայն նրա վրա էին գործ հարուցել, այլեւ իր տեղակալի եւ երկու այլ աշխատակցի:
Վարչապետին զեկուցել էին, որ իբրեւ Արման Բարխուդարյանը 20 միլիոն փող է յուրացրել, նաեւ կաշառք է վերցրել` երկու էպիզոդով, վարչապետը, իմանալով այդ ամենը, բարկացել է, սակայն կողքից ասել են, որ նա այդ մարդը չէ, թողել են, որ գործը քննվի: Պարզվում է, որ պետությունը վարչական շրջանին հատկացրել է 20 միլիոն դրամ գումար` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի դռները տեղադրելու համար, սակայն ինչ-որ մեկը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ ոչ մի դուռ չի տեղադրվել, եւ այդ 20 միլիոն դրամ գումարը յուրացվել է:
Քննիչները համառորեն խուսափում էին ընդունել այն փաստը, որ այդ դռները տեղադրված են, սակայն փաստն այն է, որ տեղադրված են, դա կարող են տեսնել բոլորը: Երկու տարի պահանջվեց մեզնից՝ ապացուցելու համար, որ ավելի քան 136 դուռ է տեղադրվել: Մենք ապացույցներ ենք ներկայացնում, բայց ինֆորմացիան խեղաթյուրում են, ասում են` ոնց որ 136 չի, 100 է, 90 է, ավելի քիչ է, ավելի շատ է, ու էսպես շարունակ: Ամեն դեպքում, մեզ հաջողվեց ապացուցել, որ ամեն ինչ արվել է: Սա հարցի մյուս կողմն է:
Հաջորդ էպիզոդը վերաբերում է կաշառքի գործին, որն այս գործից առանձնացրել են եւ ուղարկել դատարան: Երկու տարի շարունակ դատվում են մարդիկ, ի դեպ, պետության վերին օղակներն ասում են, որ համակ ուշադրությամբ հետեւելու են այս գործին, եւ եթե վերջում պարզվեց, որ կաշառք չի եղել, շատ վատ բան է ստացվելու:
Մեկուկես ամիս առաջ` 2 տարի գործը քննելուց հետո թաղապետարանի երիտասարդ աշխատակիցներին, որոնք իբրեւ ներգրավված են եղել կաշառքի գործում, դատարանն արդարացրեց:
Պարզվում է` կաշառք էլ չի եղել: Սրանից հետո տրամաբանությունը ո՞րը պետք է լիներ: Ես երկար տարիներ այս համակարգում եմ աշխատում: Եթե նման բան լիներ, օրինակ, ասենք, Աղվան Հովսեփյանի ժամանակ, Թամազյանի ժամանակ կամ չգիտեմ թե ում ժամանակ, մեղադրանքը պաշտպանող դատախազին առնվազն գործից պետք է ազատեին, բայց, օրինակ, Թամազյանի ժամանակ` վստահ եմ, որ նրան դատի կտային, ինչեւէ…
Հիմա ուշադրություն` ի՞նչ է տեղի ունենում տվյալ դատախազի հետ: Երեկ նրան նշանակում են Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ: Այսինքն` այս մարդուն ոչ միայն չեն սաստում իր «լավ» աշխատանքի համար, այլեւ դեռ մի բան էլ պարգեւատրում են: Բայց, որ ամենազավեշտալին է, նրան պարգեւատրում են վարչապետին խաբելու համար:
Քննչական կոմիտեի նախագահը էն «հաճելի» մարդն է այդ ամենի հետեւում կանգնած: Բռավո` Կիմ Հարությունյանը, ըստ դատախազ Աննա Վարդապետյանի հրամանի, ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ապա նոր պաշտոն ստացավ: Շատ գեղեցիկ է հնչում, չէ՞»:
Բաց մի թողեք
Փոխքաղաքապետը, որ թիկնապահ է դարձել, 26 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Լուսանկար
Աշխատավարձից բացի Կոնջորյանի կինը այլ միլիոններ է ստանում «Հայփոստից». Լուսանկար
Մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. ինչ կա օրակարգում