Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շուրջ փարձագիտական գնահատականները գրեթե համընկնում են մի հարցում, այն ներկայացուցչականությամբ աննախադեպ էր, Չինաստանը բացահայտվեց որպես Միացյալ Նահանգներից հետո երկրորդ աշխարհաքաղաքական դերակատար, որի շուրջ Գլոբալ հարավի փաստացի համախմբում կա, բայց ինստիտուցիոնալացման հարցում դեռևս տարաձայնությունները հաղթահարված չեն:
Ընդ որում, վերջին գնահատականը հիմնվում է ոչ թե արտաքին՝ ամերիկյան կամ եվրոպական ազդեցությամբ, այլ՝ ՇՀԿ ներքին հակասություններով: Վերլուծաբանները կոնկրետ նշում են Հնդկաստան-Չինաստան սահմանային վեճը և Հնդկաստան-Պակիստան ավելի խորը հակասությունները՝ կապված Ջամու-Քաշմիրի նկատմամբ իրավազորության հետ, որ պարբերաբար վերաճում են զինված բախումների:
Արևմտյան հեղինակներից մեկը նույնիսկ տեսակետ է հայտնել, որ ՇՀԿ անդամներին ոչ թե ընդհանուր շահերն են միավորում, այլ՝ ԱՄՆ-ից դժգոհությունը: Դեմոկրատական կուսակցության հետ աֆիլացված ամերիկյան լրատվամիջոցները բացահայտ քննադատում են նախագահ Թրամփին և հիմնավորում, որ Հնդկաստանի նկատմամբ ներմուծման քսանհինգ տոկոսի մաքսատուրքերի սահմանը Նյու-Դելիին մղել է Պեկինի հետ հարաբերությունների բարելավման:
ՇՀԿ գագաթաժողովից երկու օր հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական սոցիալական ցանցում սենսացիոն գրառում է կատարել. «Թվում է, մենք կորցրինք Ռուսաստանին և Հնդկաստանին, նրանք ընտրեցին խորը և մռայլ Չինաստանը»:
ԱՄՆ նախագահը Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին միասնական զարգացում է մաղթել:
Ավելի վաղ նա Սի Ծինփին-Պուտին-Կիմ Չեն Ին համերաշխությունն անվանել է Միացյալ Նահանգների դեմ դավադրություն: Չինաստան-Ռուսաստան-Հնդկաստան «եռամիասնության» հանդեպ Թրամփի հանդուրժողոկանությունը որքանո՞վ է անկեղծ կամ նրա բարեմաղթանքները չպե՞տք է հասկանալ հակառակ իմաստով՝ ավելի շատ որպես զգուշացում, որ դա «ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- կարելի է տարբեր ենթադրություններ անել:
Դրանից Թրամփի գլխավոր ուղերձը չի փոխվում. նա իր կամ առհասարակ ԱՄՆ-ի «աշխարհաբաժանումն արդեն կատարել է»: Բաց է մնում, թերևս, ճակատագրական նշանակության հարցը. Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե Հին աշխարհին կթողնի, որ նա ինքը հոգա սեփական «բևեռայնության» հոգսը:
Բաց մի թողեք
Մեր պարտքն է վերջ տալ Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությանը
ՇՀԿ գագաթաժողովի «կողասրահներում» ի՞նչ աջակցության կամ «դիմադրության» է արժանացել «Թրամփի կամուրջ» նախագիծը
Դոդիկը Բոսնիա-Հերցեգովինան ԵՄ կհասցնի, թե կդառնա՝ Պուտինի հրձիգը