17/09/2025

Չչարանա՛ս երբեք, մնա միշտ սիրտդ բաց․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր էջում հրապարակել է վերջին օրերին մեծ տարածում գտած Արամեի եւ Dlitte-ի երգը։ 

Նա երգից մեկ տող է տեղադրել իր էջում. «Չչարանա՛ս երբեք, մնա միշտ սիրտդ բաց, Միշտ ների՛ր, թեկուզ մի քիչ լինես պարտված»։

Նշենք, որ Դիանա Գասպարյանը անցնում է քրեական գործով, նա հեռացավ քաղաքապետի պաշտոնից եւ լարված հարաբերություններ ունի ՔՊ-ի հետ, ըստ ամենայնի, նախկին համայնքապետը երգի տողերը վերագրել է իրեն։

Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարել է բանավոր դիտողություն՝ ազատելով վարչական պատասխանատվությունից։

Հիշեցնենք` մենք գրել էինք, որ Դիանա Գասպարյանին ԿԿՀ-ն եւս բանավոր դիտողություն է արել։ Երկուսի գործն էլ նույնն է` համապատասխան ժամկետում հայտարարագիր չեն ներկայացրել։

Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործը վերաբերում է այն նույն գործին, որով մեղադրյալի կարգավիճակ ունեն Դիանա Գասպարյանը եւ նրա սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը։ Քրեական վարույթով անցնող կանայք ստորագրություն են տվել իրավապահներին՝ երկրից չբացակայելու մասին։