2023թ․ մայիսի 25-ին, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Սեւքար գյուղի եկեղեցուն հարակից «Եղեւնիներ» վայրում ծառից կախված դի կա:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ծառից կախված 17-ամյա Սյուզաննա Տորիաշվիլու դին: Աղջկա մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը: Ինքնասպանություն գործած աղջիկն ընտանիքի 7 զավակներից մեկն էր: Ընտանիքի հայրն ազգությամբ վրացի է, մայրը՝ հայ։
Ընտանիքը Սեւքար գյուղում վերաբնակվել է Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանց գյուղից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը բազմազավակ այդ ընտանիքի համար Սեւքարում առանձնատուն եւ տան գույք է գնել: Ընտանիքի 7 երեխաներից ավագն աղջիկ է, որն ամուսնացել է Իջեւան համայնքի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում, Սյուզաննան ամուսնացած քրոջից տարիքով փոքր էր, օգնել է բազմազավակ, կարիքավոր ընտանիքի կարիքները հոգալուն, մանավանդ՝ ընտանիքի 7 երեխաներից մեկը 2 տարեկան է։ Ընտանիքի հայրը բանվորական աշխատանքներ է կատարել Ռուսաստանում, հետո վերադարձել է Սեւքար։ Մայրն էլ տարբեր աշխատանքներ է կատարել, սննդի օբյեկտներում մատուցող է աշխատել։ Սյուզաննան դպրոցում միջին առաջադիմություն է ունեցել, 2021 թվականին թողել է ուսումը Սեւքարի դպրոցում։
Սեւքար գյուղից տեղեկացանք, որ 17-ամյա աղջկա ինքնասպանության գործով քրեական գործ է հարուցել, սակայն քննությամբ մեղադրվող չկա, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, քրեական վարույթը կփակվի։ Սեւքարում խոսում են, որ աղջկա կախվելու պատճառը դժբախտ սերն է եղել։ Այդ դեպքից հետո, 2023թ. հունիսին Տորիաշվիլի ընտանիքի մանկահասակ երեխաներին տեղափոխել են ՍՕՍ-մանկական գյուղերի «ՀԲՀ ԾՔԻ «Իջեւան» մասնաճյուղ։ Օրերս ՍՕՍ-Մանկական գյուղեր «ՀԲՀ ԾՔԻ «Իջեւան» մասնաճյուղի տնօրինությունը խնդրանքով դիմել է Իջեւան համայնքի ղեկավարին՝ աջակցելու հաստատությունում կարճաժամկետ խնամք եւ դաստիարակություն ստացող Սեւքար գյուղի բնակիչներ Շաքե Ռզյանի եւ Մամուկա Տորիաշվիլու անչափահաս երեխաների՝ Անգելինա Տորիաշվիլու (ծնված 14.07.2014թ.), Դավիթ Տորիաշվիլու (ծնված 11.07.2013թ.), Դանիել Տորիաշվիլու (ծնված 04.05.2016թ.), Էդմոն Տորիաշվիլու (ծնված 06.10.2021թ.) խնամքին վերաբերող խնդրի կարգավորման հարցում: Պարզվում է՝ ծնողները երեխաներին այս ամռանը Մանկական գյուղից տարել են տուն, սակայն սահմանված ժամկետում չեն վերադարձրել: Իջեւան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն, լսել է ծնողներին, երեխաներին եւ տվել դրական եզրակացություն։ Իջեւան խոշորացված համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Կարեն Ղալթախչյանը սեպտեմբերի 2-ին որոշել է Սեւքար բնակավայրի բնակիչներ Շաքե Ռզյանի եւ Մամուկա Տորիաշվիլու անչափահաս երեխաներին վերամիավորել ծնողների հետ՝ սահմանելով պարբերական մշտադիտարկումներ, համատեղ այցեր ԽՀՀ անդամների եւ ՍՕՍ-մանկական գյուղեր «ՀԲՀ ԾՔԻ «Իջեւան» մասնաճյուղի մասնագետների կողմից:
Սեւքար համայնքի նախկին ղեկավար, ներկայում Սեւքարի վարչական ղեկավար Թաթուլ Թելոյանը մեզ հայտնեց, որ համայնքապետարանը նախկինում տարբեր հարցերում օգնել է Տորիաշվիլի ընտանիքին, այժմ էլ ուշադիր է այդ ընտանիքի հանդեպ։ Իջեւանի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովից էլ հայտնեցին, որ հանձնաժողովի անդամները բազում այցեր են կատարել Սեւքար` այդ ընտանիքի երեխաները ցանկացել են ապրել իրենց ընտանիքի հետ: Այժմ երեխաները Սեւքարում դպրոց են հաճախում, իսկ փոքրիկ Էդմոնը՝ գյուղի մանկապարտեզ։ Հանձնաժողովից ասացին, որ ընտանիքի հայրն Իջեւանի գյուղերում բանվորություն է անում, մայրն էլ սննդի օբյեկտում ամաններ է լվանում։
Հանձնաժողովի անդամներին հիշեցրի, որ հանրակրթությունից Սյուզաննա Տորիաշվիլու դուրս մնալու, իրենց երեխաների նկատմամբ ծնողների անուշադիր վերաբերմունքի հետեւանքով էր դժբախտ դեպքը տեղի ունեցել, ուստի այդ ընտանիքը սոցիալական մարմինների հատուկ ուշադրության կարիքն ունի, կարողանալո՞ւ են այդ ուշադրությունն ապահովել։ Իջեւանի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ Տորիաշվիլի ընտանիքի անչափահաս երեխաներն ընտանիքի հետ միավորվել են հանձնաժողովի սահմանած փորձաշրջանով՝ 3 ամսով, որի ավարտից հետո կրկին կուսումնասիրվի եւ համապատասխան որոշում կկայացվի։
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք. մարելով կրակը, հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին
Պարտությունից հետո Արցախում այլևս անհնար էր ապրել
30-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել․ բժիշկները արձանագրել են նրա մահը