Ինչպես հայտնի է, դատախազությունը պայքար է սկսել Երեւանի մի շարք թանկարժեք շենքերի համար: Դրանց թվում են հին՝ խորհրդային տարիներից գործող պետական կազմակերպություններին պատկանող շենք-շինությունները՝ Խուլերի միավորման, ԴՕՍԱԱՖ-ի, նկարիչների, գրողների միությունների անշարժ գույքը:
Հրապարակ թերթը գրել է․ Դատախազությունը տասնյակներով հայցեր է ներկայացրել հայաստանյան տարբեր միությունների դեմ՝ դրանց գույքը պետությանը վերադարձնելու պահանջով։ Հայցերի հիմքում Հայաստանում սեփականության մասին 1990 թվականին ընդունված օրենքն է։
Ըստ իրավապահների՝ այդ օրենքով միությունների շենքերը համարվում են պետական, հետեւաբար՝ սեփականաշնորհումն անօրինական է։ Այս բոլոր ՀԿ-ները հիմա դատարաններում փորձում են պաշտպանել իրենց գույքը:
Ի՞նչ է լինելու Կույրերի միավորման գրասենյակի հետ, որը քաղաքի կենտրոնում է՝ Իսահակյան 18 հասցեում: Այս հարցն անցյալ տարվանից անհանգստացնում էր միավորման անդամներին: Նրանք լսել էին, որ դատախազությունը շուտով իրենց դեմ էլ է հայցով դատարան մտնելու՝ փորձելով խլել իրենց ամենաթանկարժեք գույքը: Միավորման անդամները, ունեզրկման հայցի սպասումով, նույնիսկ դիմել էին Կադաստրի կոմիտե, միասնական տեղեկանք ստանալու խնդրանքով, սակայն դա նրանց չէր տրվել, եւ նրանք ավելի էին համոզվել, որ դատախազությունը պատրաստվում է խլել իրենց գույքը: Բայց դատախազությունն այդպես էլ չներկայացրեց հայցը: «Նման հայց չկա»,- մեզ պատասխանում են դատախազութունից:
Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը պարզաբանում է. «Գործն ավարտվեց մեր օգտին: Ուզում էին օրենքի փոփոխություն անել, որ ՀԿ-ների անշարժ գույքն օտարեն: Ասում էին, որ սեփականացման հիմքը սխալ է եղել, որ չեղյալ պետք է համարվի սեփականության իրավունքը: Շենքերը պետք է մնային մեր տիրապետման տակ, բայց առանց սեփականության իրավունքի: Մեծ պայքարի գնով հասանք էն բանին, որ մեր մասով դատարան չմտան: Դատարան ներկայացրին միայն այն կազմակերպությունների վերաբերյալ հայցեր, որոնք իրենք գույքը վաճառել էին՝ Խուլերի միություն, նկարիչների եւ գրողների միությունների դեմ: Իսկ մենք չէինք վաճառել մեր գույքը: Ազգային ժողովում քննարկում եղավ, ու մեզ նույնիսկ շնորհավորեցին եւ կոչ արեցին, որ մյուսներն օրինակ վերցնեն Կույրերի միավորումից»: Ի դեպ, օգոստոսին նրանք վերջապես կարողացան ստանալ Կադաստրի միասնական տեղեկանքն Իսահակյան 18 շենքի համար եւ գույքի սեփականության վկայականը:
Հիշեցնենք․ Հայաստանի կույրերի միավորումը խորհրդային տարիներից ահռելի ժառանգություն է ստացել՝ շենք-շինությունների, սեփական արտադրամասերի տեսքով: Այսօր միավորումը 50-ից ավելի անշարժ գույք ունի Երեւանում եւ մարզերում, նաեւ 5 գործող արտադրություն: Իսահակյան 18 շենքում տեղակայված է միավորման գրասենյակը։ Ռաֆիկ Խաչատրյանն ասում է, որ այս պահին էլ միությունը տիրապետում է իր բոլոր 52 գույքերին, բայց արտադրությունը կրճատվել է, համարյա ծավալներ չկան:
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է