27/09/2025

Հերթական խաբեությունը ֆեյսբուքում․ «Թեմու առեղծվածային տուփի» հետքերով

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերին մոլորեցնող հերթական գովազդն է հայտնվել, որն այս անգամ «Թեմու» (TEMU) մարկետփլեյսի անունից է։

«Mariam Avetisyan» անունով օգտատերը իր գրառման մեջ տեղադրել է հղում ու ազդարարում է, թե այդ հղման մեջ տվյալները լրացնելու դեպքում հնարավոր է ստանալ նվերներով արկղ։

Արտապատկերումը՝ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից։

Այս օգտատիրոջ էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ստեղծվել է երեկ՝ սեպտեմբերի 17-ին և տեղադրված լուսանկարներից երևում է, որ էջը նպատակ ունի ինչ-որ բան վաճառել։

Փորձեցինք գնալ օգտատիրոջ հրահանգներով, հարցաթերթիկում պատասխանեցինք հարցերին և ընտրեցինք առաջարկվող արկղերից մեկը և ի՜նչ հաջողություն, շահեցինք «Թեմու առեղծվածային տուփը»։

Արտապատկերումը՝ առաջարկվող կայքից։

Սեղմեցինք «լավ» կոճակը և հայտնվեցինք կասկածելի դոմեյնով ու առաջին հայացքից TEMU-ի հետ կապ չունեցող մի էջում, որտեղ 67 հազար դրամանոց «առեղծվածային տուփը» առաջարկվում էր գրեթե 100 տոկոս զեղչով՝ 900 դրամ։ Բայց այն ունենալու համար պահանջվում էր լրացնել բնակության հասցե ու այլ տվյալներ։

Այս էջի հրահանգներն էլ կատարեցինք և միայն դրանից հետո հայտնվեցինք մի էջում, որտեղ արդեն պահանջվում էր լրացնել բանկային քարտի ամբողջական տվյալները։

TEMU-ից գնում կատարած անձինք կհասկանան, որ վճարման այս էջը որևէ առնչություն չունի մարկետփլեյսի հետ՝ դիզայնի, գույների տարբերությամբ։

Ինչպե՞ս հասկանալ կեղծիքը 

Եթե տեսել եք գովազդը, չեք դիմանում «առեղծվածային տուփ» ունենալու գայթակղությանը ու գնում եք հրահանգների հետևից, ապա ուշադրություն դարձրեք հղումներին, որոնք երևում են բրաուզերում։ Մեր դեպքում դրանք էին՝

nxzmcv.shop/click?…
ondemnd.com/sign-up?…
arlinadzgn.com/click?…

Բանն այն է, որ այս հղումները կարճ չեն, պարունակում են բազմաթիվ թվեր և կոդեր, որոնք դրանցից անտեղյակ քաղաքացու համար թաքցնում են իրական կայքը։

Կեղծիքն իրականությունից տարբերակող ամենակարևոր ցուցիչն այն է, որ հղումը չի տանում պաշտոնական կայք։ TEMU-ի դեպքում պաշտոնական կայքը միայն temu.com-ն է։

Բացի այդ, հղումներում կան տարօրինակ դոմեյններ (nxzmcv.shop, ondemnd.com, arlinadzgn.com), որոնք ոչ մի կապ չունեն պաշտոնական բրենդի հետ։

Ինչպես նաև, հղումը պահանջում է անմիջապես մուտքագրել քարտի համար, գաղտնաբառ կամ անձնական տվյալներ, ինչը նշանակում է, որ հնարավոր է դուք ենթարկվեք ֆիշինգի, այսինքն՝ ձեր տվյալները գողանալու փորձ կատարվի, ունենաք ֆինանսական կորուստներ՝ բանկային քարտից գումար ելքագրելու միջոցով և վերջապես, ձեր անձնական տվյալներն օգտագործվեն այլ խարդախություններ կատարելու համար։

Ի՞նչ անել 

Նման անծանոթ ու գայթակղիչ առաջարկներ կարդալուց հետո նախ՝

  • Ստուգեք՝ արդյո՞ք կայքը պաշտոնական է։
  • Մի՛ մուտքագրեք քարտի կամ անձնական տվյալներ կասկածելի հղումներում։
  • Օգտագործեք միայն պաշտոնական հավելվածներ կամ պաշտոնական կայքեր։
  • Եթե արդեն մուտքագրել եք տվյալներ՝ անմիջապես կապվեք բանկի հետ, արգելափակեք ձեր քարտային հաշիվը՝ հետագա խարդախություններից խուսափելու համար։

Հասմիկ Համբարձումյան