ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ինչպես և սպասվում էր, նա չի ողջունել Պաղեստինի ճանաչման «շքերթը»: ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Պաղեստինի անկախության ճանաչումն ահաբեկչության խրախուսում է:
Ավելի վաղ նույն արտահայտությունն օգտագործել է Իսրայելի վարչապետը և հավելել, որ Պաղեստինի անկախության ճանաչումը եվրոպական երկրների ամոթն է:
Այդուհանդերձ, ըստ վերջին տվյալների, ՄԱԿ-ի անդամ 153 պետություն ճանաչել է Պաղեստինի անկախությունը, բայց դա չի նշանակում, թե նա միջազգային լիարժեք սուբյեկտություն է ստացել:
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը Նյու-Յորքից հաղորդել է, որ ՄԱԿ-ի լիարժեք անդամ դառնալու համար Պաղեստինը պետք է ստանա Անվտանգության խորհրդի անդամ առնվազն ինը երկրի աջակցությունը:
Ընթացակարգը, ի դեպ, այնպիսին է, որ ԱԽ-ն հարցը չի կարող քվեարկության դնել, եթե մշտական անդամներից որեւէ մեկը դեմ է: Իսրայելցի մեկնաբանն, ըստ այդ, հուսով է, որ Միացյալ Նահանգները «վետո» կկիրառի:
Նա միաժամանակ հնարավոր է համարում, որ Պաղեստինի ճանաչման հարցը չդրվի քվեարկության: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա Պաղեստինի ճանաչումը կունենա հիմնականում հռչակագրային նշանակություն:
Մանավանդ որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Պաղեստինի վերջնական ճանաչումը պայմանավորել է ՀԱՄԱՍ-ի զինաթափումով և իսրայելցի պատանդների հայրենադարձությամբ:
«Հրեական տարածքների սրտում ահաբեկչական պետություն չի կարող ստեղծվել»,- Նյու-Յորք մեկնելուց առաջ հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն և հորդորել սպասել իր վերադարձին: Կառավարության ազգայնական թևի ներկայացուցիչները նրա կոչ են արել Հուդեան և Սամարիան հռչակել «Իսրայել պետության անբաժանելի մաս»:
Չափազանց մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուն հենց այդպես էլ կվարվի, և Թուրքիային, Իրանին ու մի քանի արաբական երկրի կկանգնեցնի փաստի առաջ. կամ նրանք դիմում են ռազմական ուժի և ստեղծում Պաղեստին պետություն, կամ Պաղեստինի ազգային ինքնավարությունը փլուզվում է, Հորդանանի արեւմտյան ափին և Գազայում հաստատվում է իսրայելական իրավազորություն:
Այս դեպքում իսրայելա-թուրքական հակամարտությունը, երևի, կհասնի բարձրակետին: Կայուն տպավորություն է, որ Էրդողանին և Նաթանյահուին հաշտեցնելու մտադրություն կամ ռեսուրս ԱՄՆ նախագահը չունի: Բայց որքանո՞վ է նրան ձեռնտու մերձավորարևելյան լայնածավալ պատերազմը:
Բաց մի թողեք
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ նա Երևանում է. Լուսանկար
Մենք հաղթեցինք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում. Ալիևը ծաղրում է Հայաստանը
Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է քարոզչական նպատակներով