27/09/2025

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել միջազգային-իրավական հարցերի շուրջ։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է 2025-2026թթ.կոնսուլտացիաների ծրագրի շրջանակներում:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը, հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳՆ Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանը:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ներառյալ միջազգային արդարադատության, այդ թվում ՝ քրեական իրավունքի ոլորտում առկա միտումները, ինչպես նաև փոխգործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մի շարք պրոֆիլային նախաձեռնությունների քննարկումը։