Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը համարում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ուկրաինական կարգավորման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգի ներկայությունը «վատ նշան» և Թրամփի կառավարության կողմից «անպատասխանատու քայլ է»:
Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ում հավատարմագրված՝ ՏԱՍՍ-ի թղթակցին:
«Գլխավոր ասամբլայի նստաշրջանի սրահում է, օրինակ, գեներալ Քելոգը: Եթե ամերիկյան գեներալն այնտեղ է և շփվում է տարբեր պատվիրակությունների հետ, ապա դա, իմ կարծիքով, դիտվում է որպես վատ նշան»,- կարծում է պրոֆեսոր Սաքսը և հավելում, որ իր կարծիքով «ԱՄՆ կառավարության կողմից Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում ամերիկյան գեներալ ներկայացնելն անպատասխանատու քայլ է»:
Պրոֆեսոր Սաքսն իր տեսակետը հիմնավորել է նրանով, որ Քելոգը Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների և ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերում «կոշտ գծի կողմնակից է և ներկայացնում է ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի շահերը»:
Կոնկրետ ո՞ր երկրների պատվիրակությունների հետ է շփվել գեներալ Քելոգը՝ Սաքսը չի մատնանշել, հավելյալ պարզաբանումներ չի արել նաև ՏԱՍՍ-ի թղթակիցը, բայց այդ կարգի տեղեկատվության տարածումն իսկ արդեն նշանային է: Մոսկվան, երևում է, արձանագրել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի մոտեցումների փոփոխություն:
Ակնհայտ է, որ գեներալ Քելոգը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, տարբեր երկրների պատվիրակությունների հետ շփումներում նա, ամենայն հավանականությամբ, հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից և արդյունքների մասին պետք է զեկուցի նրան:
Ըստ ամերիկյան աղբյուրների, պետական քարտուղար Ռուբիոն ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ մոտ հիսուն րոպե տևած հանդիպմանը բառացիորեն ասել է, որ Ռուսաստանը պետք է «վերջ տա սպանություններին»:
Մոսկվան դեռևս չի հրապարակայնացրել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի հետ սկզբունքային տարաձայնությունները, բայց որևէ ակնարկ չի արել պատերազմը կանգնեցնելու մտադրության մասին:
Պետք է նկատի ունենալ, որ Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում Թրամփին ուղեկցել է նաև գեներալ Քելոգը և The Telegraph-ին հարցազրույցում միանշանակորեն պնդել, որ Պուտինին «միայն ուժը կարող է կանգնեցնել»:
Բաց մի թողեք
«Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի ճարտարապետն Ադրբեջանի նախագահն է» թեզը
Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է. Էրդողան
Թուրքիային ի՞նչ «մանրադրամով է պատասխանելու» Ռուսաստանը