16/10/2025

Պատժամիջոցների վերականգնումը ռազմավարությո՞ւն է, թե՞ Իսլամական հանրապետությանն «ուշքի բերելու» մարտավարություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները: ԱԽ անդամներից Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը դեմ են քվեարկել:

Ըստ միջազգային մամուլի, պատժամիջոցներն արգելում են որևէ երկրի կողմից Իրանին սպառազինությունների մատակարարումը, երկրին զրկում ուրանի հարստացման և վերամշակման, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ բալիստիկ հրթիռների արտադրության կամ փորձարկման իրավունքից:

ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի քվեարկությունից հետո եվրոպական «եռյակը» հայտարարել է, որ «դիվանագիտության հնարավորությունները սպառված չեն», իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն իրանական կողմին «ուղղակի բանակցություններին համաձայնելու» կոչ է արել:

Ըստ տեղեկությունների, Իրանը չի հայտարարել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին: Դա ընկալվում է որպես միջուկային ծրագրի հարցով հետագա բանակցությունների գնալու պատրաստակամություն:

Իսրայելում ողջունել են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, բայց համարել, որ դա «այաթոլլանների չարանենգ մտադրությունը կանխելու համար բավարար չէ»: Արտաքին գործերի նախարար Սաարը հայտարարել է, որ միջազգային հանրության խնդիրը մնում է նույնը՝ «թույլ չտալ, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի»:

Իրանի դեմ պատժամիջոցների վերագործարկումը, բնականաբար, խնդիրներ է հարուցելու Ռուսաստան-Իրան և Չինաստան –Իրան ռազմատեխնոլոգիական համագործակցության, ինչպես նաև ռուս-իրանական էներգետիկ ծրագրերի իրացման ոլորտներում:

Պատժամիջոցների վերականգնումը կարող է նաև սոցիալական բողոքների առիթ հանդիսանալ: Իրանի քաղաքական վերնախավում, երևում է, երկրի ապագայի շուրջ պատկերացումների ակնհայտ տարբերություններ կան:

Մոտ ապագայում, երևի, հասկանալի կլինի՝ պատժամիջոցների վերականգնումը ռազմավարությո՞ւն է, թե՞ Իսլամական հանրապետությանն «ուշքի բերելու» մարտավարություն: Դա կարևոր է նաև Հայաստանի համար: