15/10/2025

Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների, հեղափոխության, ընտրությունների մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ այն անվանելով «երազանքի փաստաթուղթ»՝ համեմատած ներկա իրավիճակի հետ։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը նախատեսում էր նաև Արցախի գոյության պահպանումը։ Քոչարյանը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ ստորագրված որևէ փաստաթուղթ չեղարկելն հեշտ չէ, քանի որ այդ երկիրը նման քայլերը լուրջ է ընկալում։

Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, թե պետք է անվերապահորեն կատարել ԱՄՆ-ի բոլոր պահանջները։ Օրինակ բերելով իր նախագահության տարիները՝ Քոչարյանը հիշեցրել է, որ չնայած Վաշինգտոնի կտրուկ դեմ լինելուն, Հայաստանը կարողացավ կառուցել Իրան–Հայաստան գազամուղը՝ միաժամանակ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ։

Նա նաև ընդգծել է, որ իշխանության վերադառնալու դեպքում հնարավոր է վերանայել Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը՝ ելնելով Հայաստանի պետական շահերից։

Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով երկրի ներկայիս իրավիճակին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, իր խոսքում ընդգծել է, որ երկրում ստեղծվել է վիճակ, երբ ազգային շահերի հաշվին իրականացվում են զիջումներ։

Նրա խոսքով՝ այս մոտեցմամբ իշխանությունները պատրաստ են հրաժարվել Արցախի նկատմամբ պահանջներից և կատարել այլ երկրների ղեկավարների ցանկացած ցանկություն։ Քոչարյանը նաև կտրուկ է արտահայտվել Փաշինյանի վարքագծի վերաբերյալ՝ նշելով, որ վարչապետի քաղաքականությունը վնասում է Հայաստանի պետական շահերին և ազգային արժանապատվությանը․ «Արցախը տանք Ալիևին, ինչ ուզում է Էրդողանը՝ տանք: Վաղն ասելու է՝ Մակրոնն ինչ ուզում է՝ տանք, Թրամփն ինչ ուզում է՝ տանք: ՀՀ-ի հաշվին Մայր Թերեզա է աշխատում էս մարդը: Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»:

Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ արված լուսանկարին՝ նշելով, որ նման պատկերներ ինքն էլ ունի։

«Ես նույնպես լուսանկար ունեմ Սպիտակ տանը՝ Քլինթոնի հետ՝ ստորագրությամբ, բայց դրա դիմաց ոչինչ չեմ տվել»,– ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ նման լուսանկարները չեն կարող իրական քաղաքական արժեք ունենալ։

Նրա խոսքով՝ Փաշինյանը, ըստ ամենայնի, մտածել է լուսանկարի քաղաքական օգտագործման մասին՝ այն վերածելով ներքաղաքական շահարկման գործիքի․ «Բայց դրա դիմաց չէր կարելի զիջել Հայաստանի տարածքի այն հատվածը, որը կարևոր է տրանզիտային առումով և կարող է դառնալ այլ երկրի կառավարման տակ»։

Լրագրողը հարցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ թե ինչու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի արձագանքում Ալիևի հայտարարություններին «Զանգեզուրի միջանցքի» մասին, մինչդեռ Փաշինյանը հակադարձում է դրանց։

Քոչարյանը պատասխանել է, որ Թրամփը չի միջամտի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, քանի որ այդ երկրների ներքին իրավիճակը նրա ուշադրության կենտրոնում չէ։ Նրա խոսքով՝ արտասահմանյան առաջնորդները արդեն ստացել են իրենց ուզածը, և մնացած հարցերը թողնում են կողմերին՝ իրենց ուղիով խոսելու և լուծումներ գտնելու. «Բայց ինչի պիտի նախագահ Թրամփն արձագանքի:Որ շատ համը հանեն, ասելու է՝ երկուսից էլ հիասթափված եմ: Ինչի՞ եք դուք սպասում, որ նա պետք է արձագանքի, նա սկի ՀՀ-ի տեղը չգիտի: Չի միջամտելու. իրենք ստացել են այն, ինչ իրենց պետք էր»:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ խաղաղությունը առայժմ կախված է Ադրբեջանի նախագահ Ալիևի տրամադրությունից։ Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումը կարող է ենթակա լինել անորոշության՝ քանի որ մեկ անձը կարող է փոփոխել իր կարծիքը կամ որոշումներ ընդունել ըստ իր սեփական շահերի, օրինակ՝ Զանգեզուրի հարցում։

Քոչարյանը շեշտել է, որ նրանք չեն ընդդիմանում խաղաղությանը, բայց առաջարկում են այն իրականացնել այնպես, որ առկա լինեն երաշխավորներ, ովքեր կզբաղվեն պայմանագրերի կատարողականությամբ և կկրեն պատասխանատվություն, ոչ թե պարզապես լինեն վկա։ Նա հավելել է, որ իր կողմից օգտագործված «խաղաղություն» բառը որոշ չափով սխալ էր, քանի որ ներկայում գոյություն ունի միայն զինադադար, որն ամբողջությամբ կախված է մեկ անձի ցանկությունից. «Խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից, այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի, որ այս խառնաշփոթ աշխարհում կարելի է այս հարցը լուծել՝ Զանգեզուրի հարցը»:

Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում քննադատել է ներկայիս իշխանությունների՝ ԱՄՆ կատարած այցը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի շահերը առաջ տանելու համար անհրաժեշտ է խիզախություն և չպետք է մտավախություն լինի արտասահմանյան առաջնորդների արձագանքից։

Քոչարյանի խոսքով՝ նման մոտեցումն իշխանությունների կողմից բացակայում է. «Վատ չի նայելու, հակառակը՝ ավելի շատ է հարգելու», հավելել է նա՝ մատնացույց անելով, որ պատվիրակությունը բավական մեղմ ու ենթարկվող տպավորություն է թողնում․ «Պամպերսներով գնում են Սպիտակ տուն: Մի ֆուռ պամպերս էլ դրսում էր սպասում»։

Ռոբերտ Քոչարյանը հարց է բարձրացրել՝ արդյոք հանրությունը շարունակում է հավատալ ամեն ինչին, ինչ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, և ընդգծել է, որ իր դիտարկմամբ՝ որոշ փաստաթղթեր և ծրագրեր, օրինակ՝ Թրամփի ուղու վերահսկողության հետ կապված, հիմնված են իրականությունից կտրված դիրքորոշումների վրա։

Նրա խոսքով՝ այն ճանապարհը, որի վրա վերահսկողությունն արտերկրյա ընկերությանը տրվելու է երկարաժամկետ պայմանագրով, Հայաստանին որևէ ազդակ կամ վերահսկողություն չի տալիս, և կողմերը պարզ պետք է տեսնեն, որ այս նախագծի շահառուն Հայաստանը չի լինելու, եթե որոշ նախապայմաններ, ինչպես Երասխ գիծը կամ երկաթուղային կապը Իրան չեն իրականանում։

Քոչարյանը նշել է, որ այս ճանապարհը բացառիկ է միայն Հայաստանի ներսում կամ Հայաստան–Վրաստան հատվածում, իսկ մեծ նախագծի հիմնական շահառուն Հայաստանը չի հանդիսանա։ Նա ընդգծել է, որ սա ակնհայտ է և որևէ գաղտնի բան չկա այս մասով:

Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ առայժմ դեռ որոշված չէ, թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին։ Նա նշեց, որ ֆորմատի վերաբերյալ որոշումները նախատեսված են հունվար-փետրվար ամիսներին, և ավելի վաղ քննարկելն անտեղի է։

Քոչարյանը ընդգծեց, որ չի ցանկանում հիմա մտնել նախընտրական տրամադրությունների մեջ։ Նրա խոսքով՝ նախընտրական ցուցակը գլխավորելու հարցը կախված կլինի այն անձից, ով կունենա առավելագույն հնարավորություններ՝ սոցիոլոգիական տվյալների հիման վրա։

ՀՀ երկրորդ նախագահը անդրադարձավ 2001 թվականին սրճարանում տեղի ունեցած դեպքին ու «պրիվետ, Ռոբ» արտահայտությանը՝ նշելով, որ նրան միշտ «Ռոբ» են ասում. «Մայրս էլ ինձ միշտ Ռոբ է ասել , տիկին Բելլան ինձ տանը Ռոբ է ասում, ինչի՞ պատճառով պիտի դրանից նեղանամ: Իմ մանկական ընկերներն էլ ինձ Ռոբ են ասում: Աբսուրդ է, եթե դրանից պետք է նեղանամ»:

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նախընտրական կարգախոսներին և առկա քաղաքական իրավիճակին։ Նա հիշեց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ընտրություններին «ժողովրդավարություն», «կոռուպցիայի դեմ պայքար» և «սոցիալական արդարություն» կարգախոսներով, իսկ 2021-ին կրկին նույն կարգախոսներն էր օգտագործել՝ ավելացնելով նաև Ղարաբաղը պահելու և Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի թեման։

Քոչարյանը առաջարկեց մոդելավորել, թե Փաշինյանը հաջորդ ընտրություններում ինչ թեզերով կարող է հանդես գալ։ Նա քննադատեց նրան ժողովրդավարության և սոցիալական արդարության հարցերում՝ նշելով, որ սոցիալական աղքատության մակարդակը մնացել է 24 տոկոս, իսկ կոռուպցիայի մասին խոսել անգամ պետք չէ, քանի որ, ըստ Քոչարյանի, ներկայիս իշխանություններն են այդ ոլորտում պատասխանատու։ Նա օրինակ բերեց ԱՆԻՖ-ից 65 միլիոն դոլարի ոչնչացումը և «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 միլիոնի անհետացումը՝ ընդգծելով, որ ինքն այդ ժամանակ պահանջել է հաշվետվություն, բայց ստացել պատասխան՝ «պետք էր ծախսել»։

Քոչարյանը նաև նշեց, որ միակ կարգախոսը, որը մնացել է Փաշինյանի համար, խաղաղությունն է, սակայն այն, ըստ նրա, սնանկ է, քանի որ զինադադարն իրականում կախված է մեկ մարդու տրամադրությունից։

Պատասխանելով հարցին՝ եթե 2026-ի ընտրություններում պարտվի, նա կհեռանա՞ քաղաքականությունից, Քոչարյանը պատասխանեց, որ նախընտրում է «եթե»-ներով չխոսել, սակայն նկատեց, որ ներկայիս սոցիոլոգիական տվյալներով Փաշինյանի վերընտրվելը մոտ է զրոյի, եթե սխալներ չկատարեն։