15/10/2025

Ռուսաստանի հովանու ներքո թուրքական աշխարհի իրական կոնսոլիդացիա հնարավո՞ր է

Ադրբեջանի Գաբալա քաղաքում ավարտվել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովը: Նախօրեին Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունն անոնսավորել է, որ օրակարգային մեկ՝ «Խաղաղություն և տարածաշրջանային անվտանգություն» հարցի քննարկումից հետո կընդունվի ամփոփիչ՝ «Գաբալայի հռչակագիր»:

Ըստ երևույթին՝ կամ նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չի ծագել, կամ մասնակիցներին չի հաջողվել այն համաձայնեցնել: Համենայն դեպս, Ալիևի բարձրաստիճան հյուրերը Գաբալան լքել են, և նույնիսկ մամուլի համար համատեղ հայտարարություն չի տարածվել:

Փոխարենը Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նույն օրը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՊՀ անդամ բոլոր պետությունների առաջնորդների հետ: Ակնհայտ է, որ Պուտինը ԱՊՀ անդամ թուրքախոս պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի, առաջնորդների հետ հեռախոսազրույց է ունեցել, երբ նրանք գտնվել են Գաբալայում:

Իսկ օրվա ամենամեծ անակնկալն այն է, որ տեղի է ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի մասին Կրեմլի տարածած հաղորդագրությունն արդեն բովանդակային է:

Ըստ այդմ, Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Գազայում «հրադադար հաստատելու, մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու և պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է «ամեն կերպ աջակցելու ուկրաինական կարգավորմանը և արդարացի խաղաղության հաստատմանը»: Այս տեղեկատվության դիվանագիտական «թեփը մաքրելու» դեպքում կունենանք մոտավորապես մի իրավիճակ, երբ Էրդողանը Գազայի հարցում Ռուսաստանից «աջակցություն է խնդրել, իսկ փոխարենը խոստացել ուկրաինական պատերազմում պահպանել չեզոքությունը»:

Խիստ ուշագրավ է, որ նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն:

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները «ճիշտ են հասկացել» վերջին մի քանի ամիսներին Մոսկվայից արվող տարբեր ազդակները:

Իսկ Թուրքիան, երևում է, եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների դիվանագիտական ժեստերին այնքան էլ մեծ հավատ չի ընծայում: Ռուսաստանի հովանու ներքո թուրքական աշխարհի իրական կոնսոլիդացիա հնարավո՞ր է: