«Թավշյա հեղափոխություն» հորջորջվող պետական հեղաշրջումը բորբոքեց բազում ակնկալիքներ, այդ թվում՝ ազատ խոսքի եւ խաղաղ հանրահավաքների ազատության երաշխավորման առումով։
Սակայն դյուրահավատ ու մոլորված «3 միլիոն վարչապետները» շատ արագ համոզվեցին, որ 2018թ. զանգվածային պսիխոզի մթնոլորտում ծնված իրենց ակնկալիքները չափազանցված են։ Հեղաշրջմանը նախորդած 10 տարում ընդդիմության ծայրահեղական հատվածին հաջողվեց հմտորեն ուռճացնել ժողովրդավարական ազատությունների բնագավառում առկա խախտումների դեպքերը՝ այդ սեւ գործում աջակից ունենալով արեւմտյան պատվերով ու դրամաշնորհներով գործող NGO-ները։
2018-ի գարնանը պարադոքսալ վիճակ էր ստեղծվել Հայաստանում․ խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումների մասին ընդդիմությունն անարգել արտահայտվում էր ազատ ԶԼՄ-ներում եւ հավաքներում։
Իշխանության ներհայաց դիտարկումները եւ ընդդիմության ոչ արմատական թեւից հնչող քննադատությունը վկայում էին որոշակի մարտահրավերների առկայության մասին, որոնք ընդհանուր գծերով հանգում էին հետեւյալին․ ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցները ենթարկվում են խտրական վերաբերմունքի, երբեմն՝ հետապնդումների։
Եվ ՀՀԿ-ի ղեկավարած կոալիցիոն կառավարությունը վիճակը մեղմելուն միտված քաղաքական, օրենսդրական, վարչական ու այլ բնույթի քայլեր էր կատարում։ Անաչառ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2008-17 թվականներն ընդգրկող տասնամյակում խոսքի եւ հավաքների ազատության բնագավառում արձանագրվել էր շոշափելի առաջընթաց։
Նման գնահատականի ճշմարիտ լինելն ապացուցվեց իրական կյանքում․ առանց իրավունքների պետական երաշխավորման դրական դինամիկայի անհնար կլիներ կոնսոլիդացնել Հայաստանի ներսի եւ դրսի քննադատորեն տրամադրված զանգվածների բացասական էներգիան եւ զավթել իշխանությունը։
7 ու կես տարի անց
Հարկ է ընդունել՝ 2018-ին նկատվեց հասարակության վրա պետության վերահսկողության ու ճնշումների որոշակի լիցքաթափում, բայց, շատ չանցած, սկսեցին քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բազմաթիվ գործեր հարուցվել նախկին իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների եւ ՔՊ-ի կառավարության գործունեությունից դժգոհ անձանց նկատմամբ։
Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ներկայիս գլխավոր դատախազը եւ նրա նախորդը պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրեր են ներկայացնում թիրախավորված (վերեւից մատնացույց արված) անձանց քաղաքական դիրքորոշումների պատճառով։ Իսկ պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը զավեշտալի մի դեպք է՝ այն իմաստով, որ պատժիչ մեքենայի թափանիվը նրան սկսեց ճզմել ՔՊ կուսակցության ներսում նրա հետ տարակարծություն առաջանալուց անմիջապես հետո։
Միով բանիվ, չիրականացան հեղաշրջման սնած սպասումները։ Վարչախումբը ոչ թե քննադատում է, այլ ծանակում իր հակառակորդներին, ամեն գնով ձգտում քաղաքականության լուսանցք նետել նրանց։ Այս տարիների ընթացքում «նախկին իշխանություն» արտահայտությունը դարձել է սոցիալական որոշակի խմբի նկատմամբ խտրական վերաբերմունքի պիտակ եւ հարձակումների կոչ, ինչպես նացիստներն էին Schädlinge եւ Untermensch անվանում հրեաներին։
Ընդդիմության թիրախավորման եւ հետապնդման ճանապարհին շրջադարձային եղավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը։ Օրենքը կառուցված է որոշակի գույքի ապօրինի ծագման կանխավարկածի եւ այն դժգոհության վրա, որ քրեական իրավունքը գույքի բռնագանձման բարձր ապացուցողական շեմ է սահմանում։
Արդեն ավելի քան 5 տարի այս գործերով վարույթներ են հարուցվել, մարդկանց տեղաշարժման, սեփականության, հաղորդակցության, դատական պաշտպանվածության իրավունքները ոտնահարվում են նախկին իշխանության մաս կազմելու եւ հեղափոխականների վարչախմբի հետ չհամագործակցելու սկզբունքով։
Ընդդիմության ներկայացուցիչները հետապնդման են ենթարկվել ոչ բռնի հավաքների մասնակցելու եւ կարծիք արտահայտելու համար։ Միայն 2020թ․ նոյեմբերի 10-ից մինչեւ 2021 թ․ ավարտը քրեական մեղադրանքներով ձերբակալվել ու կալանավորվել է բողոքի խաղաղ ցույցերի ու հավաքների 400-ից ավելի մասնակից։
Արա Սահակյան
Բաց մի թողեք
Թրամփի և Փաշինյանի զարմանալի հանդիպման մասին ու լուսանկարների համեմատություն․ Սիմոն Սարգսյան
Երեւանի քաղաքապետարանի` գողական «պանյատներով» առաջնորդվող պաշտոնյան, փաստորեն քաղաքական աջակցություն է ստացել ․․․
Կարեն Կարապետյանն իր խարիզմայով կարող է դառնալ այն լուսավոր կետը, որից ժողովրդին հնարավոր չի լինի հետ պահել