15/10/2025

Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»

Քաղաքական նախերգանք.

«Բազմած լուսնի նուրբ շողերին,

«Ցլի թևին» թռչելով,

Օմբուդսմենը՝ սերժսարգսյանական,

Մուտք գործեց դաշտ քաղաքական»։

ՀՀԿ-ի կառավարման օրոք նույն այդ ՀՀԿ-ի կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված ու ընտրված, Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտոնավարումն ավարտած, այսինքն՝ քաղաքական երկու ֆորմացիա տեսած Արման Թաթոյանը (նա ՀՀ միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է ամբողջ ժամկետով), ինչպես գիտենք, «Միասնության թևեր» անունով քաղաքական նախաձեռնությամբ է հանդես եկել և մտադիր է ընտրազանգված հավաքել «պոզիտիվ նաստրոյով», այն է՝ «ոչ» ասել ատելությանը։ Ամենակարևորը՝ Թաթոյանը վերջապես հնարավորություն ստացավ իր անունից, ոչ թե միջնորդավորված, սրա-նրա բերանով, ազդարարել իր քաղաքական ամբիցիաների մասին՝ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին՝ լինելով մեկը 2 մլն 999 վարչապետացուներից։

«Այսօրվա ղեկավարը շարժվում է հակադրությունների, ատելության, ցասումի միջոցով մարդկանց մոբիլիզացնելու ճանապարհով, մենք մարդկանց մոբիլիզացնելու ենք հույսի ու հավատի ճանապարհով»,-նախօրեին Civilnet.am-ին տված հարցազրուցում ազդարարել է նախկին ՄԻՊ-ը։

Նրանք, ովքեր դիտել են այդ հարցազրույցը, թերևս կհամաձայնեն մեզ հետ՝ քաղաքական ճոխ հավակնություններ ունեցող Թաթոյանն այդպես էլ կոնկրետ, հստակ չպատասխանեց իրեն ուղղված մի շարք հարցերի՝ գերադասելով դիմել «вокруг да около» հնարքի օգնությանը։

Ահա հարցերից ամենաինտրիգայինները՝ ճի՞շտ էր Սերժ Սարգսյանի որոշումը՝ գնալ երրորդ ժամկետ կառավարման, ինչը հանգեցրեց իշխանափոխության, երբ ինքը գա իշխանության՝ ի՞նչ է անելու օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերի փաթեթի հետ, արդյոք պատրաստվո՞ւմ է գործակցել ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի հետ՝ դաշինքի, կոալիցիայի տեսքով…

Մասնավորապես Սերժ Սարգսյանի՝ «երրորդ սրոկ» գնալու մասին հարցադրմանը Թաթոյանն այսպես արձագանքեց. «Կային խնդիրներ, որոնք արդարացիորեն հանգեցրել էին մարդկանց դժգոհությանը։ ․․․Բայց այն խնդիրները, որոնք կային, եղել են համակարգային բնույթի, այդ խնդիրների ատելության, ցասումի հիման վրա կազմակերպվեց․․․ այսինքն՝ մի քանի տարիների բարձունքից կարող ենք ասել։ Իսկ այն ժամանակ ես խնդիր չունեի քաղաքական նախընտրություններով շարժվել, ես կոնկրետ անում էի իմ գործը․․․»։ Երբ լրագրողը վերակոնկրետացրեց հարցը՝ Թաթոյանը նորեն դիմեց «կռուտիտի» հնարքին՝ թոթովելով. «Դուք նորից ինձ ուզում եք տանեք, մտցնեք հանրապետության նախագահների գործողությունների մեջ»։

Ապա հավելեց. «Ակնհայտ է, որ կային խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտություն՝ այո, օլիգարխիկ համակարգերի դեմ պայքարի անհրաժեշտություն՝ այո, իրավունքի գերակայության խնդիր՝ այո, սոցիալական պաշտպանություն՝ այո, արդարություն՝ այո։ Ինչ եղա՞վ, դրա շուրջ մեր ժողովուրդը մոբիլիզացվեց, որովհետև այդ ժամանակ արդարության պահանջը հենց դա էր։ Հիմա ինչ ենք տեսնո՞ւմ, այն խնդիրները, որոնք կային, ամբողջությամբ վերափոխվել են և ավելի վատն են դարձել»։ Թաթոյանի և հաղորդավարի դիալոգը մեզ հիշեցեց հայտնի սկետչը։ Քննության ժամանակ դասախոսը հարցնում է ուսանողին՝ ի՞նչ ազդեցություն կունենա ավտոբուսի պատուհանի բացելը ավտոբուսի աէրոդինամիկայի վրա։ Դասը չսերտած ուսանողներից մեկի «ուղեղը կախում է» այդ հարցից՝ դրանից բխող հետևանքով՝ քննությունից կտրվելով։

Իսկ ահա նրա «բիջ» կուրսընկերուհին, իմանալով, թե ինչի է հանգեցնելու ավտոբուսի պատուհանը բացելու մասին հարցին պատասխանելը՝ նշում է. «Պարոն Ոսկանյան, ես մինչև վերջ կհանվեմ, բայց ձեր ուզած պատուհանը չե՜մ բացի»։ Թաթոյանն էլ, նկատենք, թեև Սերժ Սարգսյանի որոշման ճիշտն ու սխալը գնահատելու փոխարեն գերադասեց մինչև վերջ «հանվելը», բայցևայնպես ակամա մերկացրեց նույն Սերժ Սարգսյանի կառավարման տարիները՝ նրա ռեժիմին մեղադրելով կոռումպացված լինելու, օլիգարխիկ համակարգերի դեմ չպայքարելու, իրավունքի, արդարության գերակայություն չապահովելու և այլ ձախողումների մեջ։ Բարձր ենք գնահատում նախկին ՄԻՊ-ի անկեղծությունը, բայց առնվազն անազնիվ է նրա վարքագիծը Սերժ Սարգսյանի հանդեպ, այն է՝ «տարիների բարձունքից» նախկին ռեժիմի օրոք եղած արատներից ու աղտեղություններից դիստանցավորվելը։ Թաթոյանը ժամանակին մաս էր կազմում այդ իշխանությանը՝ նպաստելով այն արատների ու բարքերի գեներացմանը, որոնք էլ, այո, հանգեցրին 2018-ի համաժողովրդական ցասումին ու իշխանափոխությանը։

Նշենք, որ Թաթոյանը պետական կառավարման համակարգում է 2003-ից: Մասնավորապես 2013թ. նոյեմբերից մինչ 2016թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, նախարարի տեղակալ նշանակվելու հետ միասին նշանակվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ: Մասնակցել է Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ գանգատների քննությանը: Իր իրավասության սահմաններում Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում անմիջականորեն ղեկավարել է ՀՀ օրենսդրության բարեփոխման աշխատանքները։

Ի դեպ, մամուլը ժամանակին գրեց (https://armlur.am/481269/), թե քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրվելու հարցում Թաթոյանին օգնել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հովանավորյալ լինելը։ Նկատենք, որ արդարադատության երբեմնի փոխնախարարը ՄԻՊ պաշտոնում ընտրվել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի սկանդալային՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցի հրապարակմանը հաջորդած զարգացումների բերումով։

Հիշյալ զեկույցում Կարեն Անդրեասյանը ներկայացրել էր դատարաններում կաշառքի գների չափը, ինչպես նաև առանձնացրել արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեպքեր, խոսել «զոնալ դատավորների» ինստիտուտի մասին: Կաշառքի սակագները, ինչպես պարզել էին ՄԻՊ հարցումները, տատանվում էին հետևյալ միջակայքերում՝ առաջին ատյաններում՝ 500-10.000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար։

500-էջանոց զեկույցը, որը, նկատենք, խիստ վրդովեցրել էր Սերժ Սարգսյանի ռեժիմի քարոզչության թիվ մեկ պատասխանատուին՝ փեսա Միշիկին, հանգեցրեց Անդրեասյանի վաղաժամ հեռացմանը։ Արման Թաթոյանը մինչև 2016 թվականը՝ ՄԻՊ դառնալը, տեղյակ չէ՞ր դատական համակարգում տիրող այս զազրելի վիճակից։ Հազիվ թե տեղյակ չլիներ։ Արդ, եթե տեղյակ էր, ապա որպես նախարարության քաղաքականությունն իրականացրած անձ ի՞նչ «դեղատոմս» է առաջարկել Սերժ Սարգսյանին, որի կիրառման դեպքում հնարավոր կլիներ մաքրել դատարանները կոռումպացված սուբյեկտներից՝ կանխարգելելով 2018-ի հեղափոխության դրդապատճառներից մեկը՝ արդարադատության անհագ ծարավը։ Այնպես որ, քաղաքական նվազագույն պարկեշտությունը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի օրոք աճած կադրերը ձեռնպահ մնան ընտրողին թևավոր ցլի (Թաթոյանի նախաձեռնության լոգոն է), ներողություն՝ ապուշի տեղ դնելուց, և եթե հնարավոր է՝ դադարեն նաև ապուշի կերպարով հանդես գալուց։

Թե որ քաղաքական գործչի «պորտը» ով է կտրել, ինչ հանգամանքներում ու ինչ նպատակով՝ պարզելն ու բացահայտելն առանձնապես մեծ ջանք չի պահանջում։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը, ժանրի կանոնները պահելով, օրերս ազդարարեց, թե առնչություն չունի Թաթոյանի քաղաքական մուտքի հետ, և հաջողություն մաղթեց նրան։

Հ. Մանուկյան

Հ․Գ․ Եթե անկեղծ, ապա մեր ընթերցողը թերևս կզարմանա, որ մշտապես Արման Թաթոյանի և՝ ոչ միայն նրա, մտքերը հրապարակելուց հետո, մենք հրապարակում ենք նաև civic.am-ի այս հոդվածը։ Բանն այն է, որ Միասնության թևերի շնորհանդեսին մեզ համար կոտրվեցին միասնության թևերը, երբ անհարգալից վերաբերմունք դրսևորվեց մեր կայքի հանդեպ, որի մասին մենք ճիշտ ենք պահել քաղաքավարության կանոնները ու Նունե Հովսեփյանին՝ կարծեմ իրենց լրատվականի ղեկավարին, տեղեկացրել ենք՝ այսուհետ կամ վատը, կամ՝ ոչինչ։