Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել եւ այն քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում, ժամը 00:30-ին:
Նրա կատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով․ նա ձերբակալված էր։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ թեմի առաջնորդից բացի Քննչական կոմիտեն կալանավորման միջնորդություն է ներկայացրել նաեւ թեմի դիվանապետի եւ մեկ քաղաքացիական անձի՝ թեմի հաշվապահի վերաբերյալ, այս միջնորդությունները առաջիկա ժամերին եւս քննության կառնվեն։
Հիշեցնենք` իրավապահները հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգևորականները բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Մայր Աթոռն արձագանքել էր տեղի ունեցածին՝ հայտարարելով, որ խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 30 օրով