Առաջատար համաշխարհային լրատվամիջոցները մանրակրկիտ վերլուծում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ վերջին հեռախոսազրույցի արդյունքները։ Միջազգային հրապարակումները հիմնականում կենտրոնանում են Բուդապեշտում պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման վրա, բայց նաեւ ընդգծում են զրույցի ընթացքում բարձրացված այլ կարեւոր թեմաներ։ Թրամփը՝ ինքը, նշել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցն արդյունավետ է եղել, սակայն նրան դուր չի եկել այն միտքը, որ Վաշինգտոնը ցանկանում է «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։
Ներկայացնում ենք միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցների արձագանքը:
Axios
Ամերիկյան Axios առցանց պորտալը գրում է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի եւ Բուդապեշտում հանդիպում անցկացնելու շուրջ համաձայնության մասին, անակնկալ է եղել Վաշինգտոն ժամանած Վլադիմիր Զելենսկու համար։ Հոդվածում ընդգծվում է, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ մայրաքաղաք ժամանած Զելենսկին լավատեսորեն է տրամադրված եղել Թրամփի հետ առաջիկա բանակցությունների նկատմամբ եւ հույս է հայտնել, որ Ուկրաինան կստանա «Տոմահավկ» թեւավոր հրթիռներ։ Սակայն, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ուկրաինական պատվիրակության Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում վայրէջք կատարելուց կարճ ժամանակ անց հայտնի է դարձել Թրամփի հայտարարությունը՝ Պուտինի հետ իր զրույցի եւ Ռուսաստանի առաջնորդի հետ Հունգարիայում հանդիպելու ծրագրերի վերաբերյալ, որը Եվրամիության անդամների շրջանում համարվում է Ուկրաինայի նկատմամբ ամենաանբարյացակամ երկիրը։
Bloomberg
Bloomberg-ն առաջնային լուրի տեսքով հրապարակել է Թրամփի եւ Պուտինի միջեւ Բուդապեշտում նախատեսված հանդիպման մասին տեղեկությունը։ Հոդվածում նշվում է, որ բանակցությունների նպատակը կլինի Ուկրաինայում զինված հակամարտության դադարեցման ուղիների քննարկումը։ Ըստ Թրամփի հայտարարության, Հունգարիայի մայրաքաղաքում Պուտինի հետ հանդիպումը նախատեսված է անորոշ ամսաթվով, իսկ դրա հիմնական նպատակը կլինի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության լուծում գտնելը։ Առաջնորդները հոկտեմբերի 16-ին երկու ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել՝ գագաթնաժողով անցկացնել։ Առաջիկա օրերին ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, ըստ լուրերի, բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն, որին կհաջորդի Թրամփի եւ Պուտինի հանդիպումը Բուդապեշտում։ Թրամփը հանդիպման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում՝ ընդգծելով, որ գագաթնաժողովի նպատակն է՝ որոշել, թե արդյոք հնարավո՞ր է դադարեցնել ներկայիս դիմակայությունը։
The Hill
The Hill-ն ընդգծել է այն փաստը, որ բանակցությունների համար ընտրված Հունգարիան համարվում է Թրամփի վարչակազմի մտերիմ դաշնակիցը: Շեշտվել է, որ չնայած Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, երկիրը քննադատության է ենթարկվում նախագահ Վիկտոր Օրբանի օրոք ժողովրդավարական չափանիշներից նահանջի համար, որը սերտ կապեր է պահպանում Թրամփի հետ: Ավելին, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ իր հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմից հետո առեւտրային եւ տնտեսական համագործակցությունը:
Sky News
Բրիտանական Sky News հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ բանակցությունների արդյունքը կարող է մտահոգություն առաջացնել Կիեւում: Թղթակից Դեյվիդ Բլեվինի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարի հաջող փոխազդեցությունները Պուտինի հետ, ինչպես նաեւ նրա նվաճումները Մերձավոր Արեւելքում, հավանաբար, ազդել են մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ զենքի մատակարարման վերաբերյալ որոշումների վրա:
Il Messaggero
Իտալական Il Messaggero-ն եւս լուսաբանել է Թրամփի այն հայտարարությունը, թե երկու երկրների պաշտոնյաների միջեւ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ: Հոդվածի համաձայն՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել երկկողմ առեւտրային հարցերին՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: Զրույցից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի ավագ խորհրդականների հանդիպում անցկացնելու վերաբերյալ. ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ռուսականը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մյուս մասնակիցները կորոշվեն ավելի ուշ:
El Pais
Իսպանական El Pais-ը շեշտում է, որ առաջնորդների միջեւ քննարկումն ընդգրկել է ոչ միայն Ուկրաինան, այլեւ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հեռանկարները: Թրամփի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Միացյալ Նահանգներին Մերձավոր Արեւելքի հակամարտությունների լուծման գործում ունեցած հաջողությունների համար եւ դրականորեն է արտահայտվել Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո առեւտրային հարաբերությունների հեռանկարների մասին: CNN CNN-ի լրագրողներն ընդգծել են Թրամփի խոսքերը, ըստ որի՝ Ռուսաստանի առաջնորդի հետ նրա հեռախոսազրույցը «շատ արդյունավետ» էր։
Truth Social հարթակում գրառման մեջ Թրամփը ներկայացրել է իր ապագա ծրագրերը եւ ընդգծել, որ Մոսկվայի հետ երկխոսության մեջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ավելին, նախագահը հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին, որը կկայանա Օվալաձեւ աշխատասենյակում, որտեղ նրանք, ինչպես սպասվում է, կքննարկեն Պուտինի հետ զրույցի արդյունքները եւ այլ կարեւոր հարցեր։
CBS
CBS-ի աշխատակիցներն ընդգծել են Թրամփի հայտարարությունը, որում նա շնորհակալություն է հայտնել առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ երեխաների պաշտպանության գործում նրա ջանքերի համար։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կնոջ ներդրման համար եւ վստահություն է հայտնել ապագա համագործակցության նկատմամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում, Ուկրաինայում հակամարտության դադարեցման հետ կապված հարցերից բացի, կողմերը մանրամասն քննարկել են նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները հետկոնֆլիկտային շրջանում։
Թե որքանով Թրամփի հերթական նախաձեռնությունն արդյունավետ կլինի այս անգամ՝ Ուկրաինայի հարցով եւս, ինչպես նախորդ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում, տակավին պարզ չէ, բայց որ ամերիկացի առաջնորդը շարունակում է խաղաղ նախաձեռնությունների մեծ մարաթոնը, լավատեսության հիմք է տալիս եւ իսկապես արժանի է գնահատանքի:






Բաց մի թողեք
ԵՄ-ն շրխկացնում է դռները Վրաստանի առջև
Էրդողանը «համոզված է, որ «հաղթանակը» տոնում են թուրքախոս բոլոր երկրները»
Նոր լարվածություն տարածաշրջանում․ Էրդողանն ինչպե՞ս կարձագանքի Տոկաև – Նաթանյահու հանդիպմանը