Մենք կասեցրել ենք Ռուսաստանի հետ նախկին վարչակազմի ձեռք բերած բոլոր համաձայնությունները, իսկ նոր պայմանավորվածություններ դեռեւս չունենք:
Այդ մասին SANA պետական գործակալությանն ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանին, փոխանցում է թուրքական «Անադոլուն»:
Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարարն այս հայտարարությունն արել է նախագահ ալ-Շարաային Մոսկվա այցից, Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, երբ ռուսաստանյան փորձագիտական հանրությունը տեսակետ է հայտնել, որ «Մերձավոր Արևելքից Ռուսաստանի դուրս մղելու փորձերը ձախողված են»:
Շայբանին փաստացի բացահայտել է, որ Պուտին-ալ-Շարաա բանակցությունները համաձայնությունների չեն հանգեցրել: Ռուսաստանի համար գերխնդիր է Տարտուսի և Հմեյմիմի ռազմահենակայանների պահպանումը, ինչի դիմաց, ըստ տեղեկատվական արտահոսքերի, Սիրիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նախկին նախագահ Բաշար Ասադին:
Երևում է, այդ հարցում Վլադիմիր Պուտինը վճռական է գտնվել, բայց սիրիացիները դեռեւս չեն պահանջում, որ ռուսական ռազմահենակայանները դուրս բերվեն: Շայբանին ասել է, որ Դամասկոսը դեմ է Սիրիայի «մասնատմանը կամ ֆեդերալիզացմանը»: Խոսքը երկրի հյուսիս-արևելքում՝ քրդական, իսկ հարավում դրուզական «ինքնավարությունների» մասին է:
Ըստ երևույթին՝ Մոսկվայում քննարկվել է նաև այդ կազմավորումների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման հարցը, բայց էական համաձայնություն չի կայացել:
Ուշագրավ է, որ ալ-Շարաայի Մոսկվա այցից հետո իսրայելական զինված ուժերը Սիրիայի հարավ-արևմտյան շրջաններում մի քանի նոր հենակետեր են ստեղծել: Ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը կողմ է Սիրիայի տարածքում Ռուսաստանի երկու ռազմահենակայանների պահպանմանը:
Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Լաթաքիայում ալիևների անջատողական շարժումներ հովանավորելու նպատակ ունի, և այդ հարցում ռուսական և իսրայելական շահերը համընկնում են:
Մերձավոր Արևելքում խաղաղության եւ համագործակցության հաստատման գործընթացից, որ նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանը հրապարակային քաղաքականության տիրույթում դուրս է մնում:
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրևը, սակայն, խորհուրդ է տվել Անքորիջում Թրամփ-Պուտին պայմանավորվածությունները գնահատել ոչ թե տեղեկատվական, այլ գործնական պայմանավորվածությունների տիրույթում: Արդյոք դրանք ներառնում են նաև Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկա՞սը:






Բաց մի թողեք
Դարձյալ թափարգել – պետությունների մասին
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին
«Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»