28/10/2025

Պուտինն անհանգստացած է Միացյալ Նահանգներ – Կենտրոնական Ասիա սերտացումից

Վլադիմիր Պուտինի և Կասիմ Ժոմարթ Տոկաևի հեռախոսազրույցից Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնի է դարձել, որ զրուցակիցները քննարկել են նոյեմբերին Տոկաևի Մոսկվա կատարելիք պետական այցի նախապատրաստման հետ կապված, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր, անդարարձել արդի միջազգային իրադարձություններին:

Ավելի վաղ Տոկաևի ՌԴ պետական այցը նախապատրաստելու նպատակով Մոսկվա է գործուղվել Ղազախստանի նորանշանակ արտգործնախարար Երմեկ Կոշերբաևը: Բանակցություններից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ Ղազախստանի նախագահի Մոսկվա պետական այցը «միջազգային նշանակություն ունեցող իրադարձություն է»:

Պուտին-Տոկաև հեռախոսազրույցի առիթն, ըստ երևույթին, մամուլում հայտնված տեղեկությունն է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների առաջնորդները Վաշինգտոն այցի հրավեր են ստացել: Սպիտակ տունը նախապատրաստում է ԱՄՆ- Կենտրոնական Ասիա առաջին խորհրդաժողովը:

Ընդսմին, դա տեղի կունենա ԱՄՆ նախագահի Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա շրջայցից հետո, որի ընթացքում ծրագրված է Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը:

Այս համատեքստում Կենտրոնական Ասիայի և Միացյալ Նահանգների համագործակցության հեռանկարը, բնականաբար, Ռուսաստանին անհանգստացնում է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ ապրիլին Կենտրոնական Ասիայի երկրները ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել Եվրամիության հետ, իսկ տառացիորեն երկու օր առաջ Ուզբեկստանի նախագահ Միրզիեևը Բրյուսելում Եվրահանձնաժողովի հետ շուրջ տասը միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համաձայնագիր է ստորագրել:

Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի միջև համագործակցության հեռանկարը չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականցման համար քաղաքական և անվտանգային լուրջ երաշխիք է:

Ամենեւին էլ պատահական չէ, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումներն սկսվում են Ղազախստանի Ակտաու նավահանգստից: