Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են, որտեղ ի թիվս այլ քաղաքական ուժերի առաջադրվել է նաև Ժառանգություն կուսակցությունը, որի ավագանու ցուցակը ձևավորվել է երեք մասից՝ անուսակցականներ, Հաղթանակի հինգերորդ բրիգադ՝ Մանվել Գրիգորյանի ընտանիքն ու համախոհները և փաստաբանների մի խումբ, կան նաև Ժառանգության կուսակցության անդամներ։
ժառանգության ընտրացուցակը գլխավորում է նախկին բարձրաստիճան զինվորական, փոխգնդապետ Արկադի Փայտյանը, նրան հաջորդում է երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։
Մենք ինչպես արդեն հայտնել ենք նախկինում, տես՝ այստեղ, այցելել էինք Էջմիածին և զրուցել Արկադի Փայտյանի հետ։
Պարոն Փայտյան, Խոյ արդեն իսկ խոշորացված համայնքը հիմա էլ ավելի խոշորանալով Էջմիածնի հետ ու ձևավորվելով Վաղարշապատ խոշորացված համայնք, դրա արդյունքում՝ որ մեկն է շահում, որը կորցնում։
Բնականաբար՝ շահել է Էջմնիածինը, թեև՝ համայնքն է մեծանում, նաև՝ տուժել է այն առումով, որ Խոյը ներառում է 17 գյուղական համայնքներ, իսկ ՔՊ-ն միավորել է իր նպատակների համար։ Չնայած՝ ես գոհ եմ միավորման հարցում։
Դուք Ժառանգություն կուսակցության անդամ եք։
Ոչ, անկուսակցական եմ՝ այս պահին։
Այդ դեպքում, ինչու Ժառանգություն կուսակցությունը որոշեց, որ Դուք պետք է առաջնորդեք ընտրացուցակը։
Ժառանգություն կուսակցությունն է քննարկել ու որոշել, որ ես պետք է լինեմ առաջինը ընտրացուցակում։ 20 տարվա զինվորականի վաստակ ունեմ, ծառայել եմ Հայկական բանակի զինված ուժերի շարքերում, և տեսնելով, թե երկրում ինչ է կատարվում, ինչպես է կազմաքանդվում հայրենիքը, կտոր – կտոր ինչպես ենք կորցնում, ինքս որոշեցի անմասն չմնալ և սկսել մասնակցել համամասնական ընտրություններին, որպեսզի կարողանանք բարեփոխել մեր երկիրը ու այդ գործընթացը սկսել՝ Վաղարշապատից։
Ինչպես է ձևավորվել Ժառանգության համամասնական ընտրացուցակը, ինչ սկզբունքով։
Երեք թևերից բաղկացած ուժերի ներկայացուցիչներն են իրենց համամասնություններով, որը որքան թեկնածու առաջադրել է, արդյունքում՝ թիմը դարձել է ընդհանուր, ուր տարբեր ոլորտների մասնագետներ կան։ Ես ներգրավել եմ զինվորականների, փաստաբանները՝ իրավաբանների, կուսակցականներն էլ տիկին Գրիգորյանի թիմակիցներով։ Ձևավորել ենք մի ամբողջական թիմ, որը ձգտում է պարտադիր հաղթանակի, որի ներուժը ծառայելու է համայնքը ղեկավարելուն, կառուցելուն, զարգացնելուն։
Մեր հարցումների ժամանակ Էջմիածնի փողոցներում ու բակերում, ոմանք տեղեկություններ են փոխանցել մեր սոցիոլոգ – լրագրողներին, թե Մանվել Գրիգորյանի ընտանիքից Այծեմնիկ Գրիգորյանը ձեր թիմում է, իսկ երբեմնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը չի առաջադրվել, բայց այլ քաղաքական ուժի է սատարում։ Դուք կհավաստեք, կամ՝ կժտեք։
Ես գիտեմ միայն, որ Այծեմնիկ Գրիգորյանը մեր թիմում է, երկրորդ համարն է ընտրացուցակում, իսկ թե ում է սատարում Կարեն Գրիգորյանը, ես տեղյակ չեմ, իր հետ չեմ հանդիպել, նման հարց չեմ քննարկել, չգիտեմ։
Որքան եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունները։
Ամբողջական գնահատականն իհարկե կերևա ընտրությունների արդյունքում, սակայն նախնական՝ իմ գնահատականով, մենք գնում ենք ու պատրաստ ենք հաղթանակի։
Որոնք են Վաղարշապատ խոշորացված համայնքի գլխավոր խնդիրները։
Էջմիածինն իբրև քաղաք և արդեն 18 գյուղերը՝ Ոսկեհատը միասին, տարբեր խնդիրներ ունեն։ Գյուղական համայնքներում ջերմոցաշինության, անասնաբուծության, ժողովրդի աղքատ ապրելակերպի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ․․․
Գործող իշխանությունն անընդհատ բարձրաձայնում է, թե կառուցում ենք մանկապարտեզներ, դպրոցներ, ասֆալտ ենք անում, միգուցե և արել են, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավելյալ շատ միջոցներ են վատնում։ Ասենք՝ օրինակ, 50 մլն դրամի ասֆալտ են ցույց տալիս, իրականում այդքանը 10 մլն-ի է, ուր է 40 մլն դրամը։ Ժողովրդի հարկերի հաշվին գումարը հավաքել են, 10 կմ, այո, ինչ որ բան արել են, սակայն ծախսը ցույց են տրվել 50 կմ-ի համար։ Գնաճը բոլորս էլ տեսնում ենք, ամեն բան է թանկացել, սկսած՝ գովազդից, մինչև ջերմոցային տնտեսություններ, մարդկանց գրպանին են դիպչում անընդհատ։
Սրանք ամենամեծ պրոբլեմներն են, գյուղատնտեսությունը չի զարգանում, համայնքներում տուրիզմը չի զարգանում, պատմամշակութային շենքերին որևէ մեկը ուշադրություն չի դարձնում։ Խնդիրները շատ են համայնքում ․․․
Դուք ինչպիսի քարոզարշավ եք իրականացնում, և ընդհանուր առմամբ, այն որքանով է ընթանում քաղաքակիրթ։
Եվ քայլերթեր ենք իրականացնում, և գյուղ առ գյուղ, տուն առ տուն շրջում ենք, և՝ բնականաբար, սոցցանցերով։ Բնակիչների հետ խոսել, նրանց դարդն ու ցավը լսելը ամենակարևորն է։ իսկ ուժերի միջև որքանով քաղաքակիրթ՝ չգիտեմ, մենք ցեխ չենք շպրտում որևէ մեկի ուղղությամբ։ Պարզապես՝ մենք ոչ հիմա, ոչ ընտրություններից հետո չենք համագործակցելու ՔՊ-ի ու դրա արբանյակ ուժերից որևէ մեկի հետ։
Մեր հարցումների համաձայն, ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժ միանձնյա մեծամասնություն չի կազմի։ Երբ հաղթահարեք անցողիկ շեմը, Ժառանգությունը որ թիմին կմիանա, որպեսզի մեծամասնություն կազմեն ու իրենց քաղաքապետն ունենան։
100 տոկոսով բացառում ենք մեր միությունը իշխող ՔՊ-ի ու իր արբանյակ ուժերի հետ, իսկ մյուս բոլոր ու իրական ընդդիմադիր քաղաքական ուժերին, միանշանակ, ցանկացած ֆորմատով միանալու ենք։ Ընդգծեմ՝ այն ուժին, որը առավելագույն քվեներ կունենա։
Ունեք կարգախոս, որով առաջնորդվում եք։
Այո, մեր կարգախոսն է՝ Ուժ և Հավատք։ Ուժը խորհրդանշում է մեր զինվորականների կամքն ու պատմությունը։ Ես զինվորական եմ, տիկին Այծեմնիկը մեծացել է զինվորականի ընտանիքում, կարելի է ասել, որ նա էլ զինվորական է։ Եվս զինվորականներ կան, ովքեր այսօր դասավանդում են նախնական զինվորական պատրաստություն։ Իսկ Հավատքը՝ մենք հավատում ենք, որ հաղթելու ենք, հավատում ենք, որ մեր բնակիչներն ընտրելու են մեզ, հավատում ենք, որ իշխող ՔՊ-ն հեռանալու է։
Ձեր կոչը, խոսքն ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։
Կոչս, որ առաջին հերթին անպայման մասնակցեն ընտրություններին, դրանով թույլ չտան, որ իրենց քվեներն օգտագործվեն հօգուտ գործող իշխանության։ Մենք՝ մեր հերթին, երաշխավորում ենք, որ պաշտպանելու ենք յուրաքանչյուր քվե։ Տեսնելով երկրում տիրող իրավիճակը, առավելապես՝ սրբազանների կալանավորումը, Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, պետք է ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի։






Բաց մի թողեք
Մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա Վաղարշապատի համայնքապետ․ Վահրամ Ազատյան
Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը
Տարոն Անդրեասյանի զոհվելու օրն է այսօր, նրա խիզախությունն անհնար է ուրանալ․ Լուսանկար