Մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություններ, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի Հանրապետության կառավարության խոստումն է, որն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2093-Ն որոշմամբ սահմանվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկը։ Այդ որոշման մեջ տեղ են գտել 281 դպրոցներ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ծրագրով նախատեսված դպրոցների կառուցման և նորոգման ցուցանիշները, դրանց առնչվող իրավական ակտերի փոփոխությունները, իշխանության տված խոստումներն ու առկա արդյունքները։
Նախնական որոշումը փոփոխվել է
2024 թվականին Կառավարությունն ընդունել է 2034-Ն որոշումը, որով երկու էական փոփոխություն է կատարվել 2023 թվականի 2093-Ն որոշման մեջ։
1․ Փոփոխվել է ցուցակագրված դպրոցների ցանկը, ինչի հետևանքով փոխվել են ոչ միայն դպրոցների անունները, այլև իրականացվելիք աշխատանքների բնույթը։
Մասնավորապես՝ սկզբնական տարբերակի 24-ից 58-րդ տողերում ամրագրված 35 դպրոցներից 32-ի դեպքում նախատեսված էր «կառուցման», իսկ 3-ի դեպքում՝ «վերակառուցման» աշխատանքներ։
Փոփոխված ցանկում այդ նույն տողերում նշված բոլոր 35 դպրոցների դեպքում ձևակերպվել է «վերակառուցում/հիմնանորոգում»․ կառուցման ենթակա դպրոցներ այլևս չկան։ Բացի այդ, նոր ցանկում այդ 35 դպրոցներից 30-ը նախնական տարբերակում ներառված չեն եղել, իսկ 5-ի դեպքում պարզապես փոխվել են ցուցակային տողերը։
2․ Փոփոխվել է նաև որոշման եզրահանգումներ հատվածի բովանդակությունը։ 2023 թվականի որոշման տարբերակում շեշտադրված է․ «Հաշվի առնելով կրթության բովանդակությանը, ժամանակակից նորմերին ու պահանջներին համապատասխան կրթական հաստատությունների նոր շենքային պայմաններ ունենալու հրամայականը՝ խիստ նպատակահարմար է դիտարկվում նոր շենքերի նախագծման ու կառուցման մոտեցման կիրառումը։ Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ շենքերը կառուցվել են 2000-ական թվականներին, և դրանց տեխնիկական վիճակը գնահատվում է լավ կամ գերազանց»։
Իսկ 2024 թվականին ընդունված փոփոխված տարբերակում նույն հատվածը ներկայացված է այսպես․ «Հաշվի առնելով կրթության բովանդակությանը, ժամանակակից նորմերին ու պահանջներին համապատասխան կրթական հաստատությունների նոր շենքային պայմաններ ունենալու հրամայականը՝ խիստ նպատակահարմար է դիտարկվում նոր շենքերի նախագծման ու կառուցման մոտեցման կիրառումը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար»։
Այս ձևակերպմամբ հանվել է շեշտադրումը, որ վերանորոգման համար կարող են դիտարկվել միայն այն շինությունները, որոնք կառուցվել են 2000-ականներին։
Խոստումների մասին
2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր մեկնարկած «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրին, նշել է․ (02։26ր․-ից) «Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որը ամրագրված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է։ Այս ծրագրի արդյունքում նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա»։
ԿԳՄՍ նախարարությունը, 2023 թվականի օգոստոսին իր պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությամբ անդրադառնալով թեմային, նշել է, որ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» կնորոգվեն, կկառուցվեն և կվերակառուցվեն մինչև 2026 թվականը։
Նույն հաղորդագրության մեջ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասել է․ «Կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ»։
Ներկա իրավիճակը
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ «300 դպրոց» ծրագրի շրջանակում 2021 թվականից մինչև 2025 թվականը շինարարական աշխատանքներն ավարտվել են 59 դպրոցներում․ 35-ում իրականացվել է կառուցման, 22-ում՝ հիմնանորոգման, 3-ում՝ վերակառուցման աշխատանքներ:
Այսպիսով, մինչ Կառավարության ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2026 թվականը, մնացել է երեք ամսից պակաս, սակայն խոստացված 300 դպրոցներից շինաշխատանքներն ավարտվել են ընդամենը 59-ում։ Սա նշանակում է, որ ծրագիրն իրականացվել է մոտ 20%-ով՝ էականորեն հետ մնալով Կառավարության նախանշած նպատակներից։
Գայանե Մարկոսյան









Բաց մի թողեք
Զեղծարարները լավ պատրաստված են, ներկայանում են որպես ԱԱԾ աշխատակիցներ. Հայրապետյանը զգուշացնում է
ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում
Երեք տարբերակներից որը կընտրի ՀԾԿՀ-ն․ վարույթը կարճել, նկատողություն տալ սեփականատիրոջը եւ լիցենզիայից զրկել