Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալեց Գլինկայի անվան Վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին՝ մեր օրերի ականավոր սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ (մրցույթի ժյուրիի նախագահ):
Նրանց մասնակցությամբ՝ նոյեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների աննախադեպ շրջագայության մի մասն է, որն այժմ տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում:

Գլինկայի հեղինակավոր մրցույթը, որն անցյալ դարում կազմակերպվել էր Ռուսաստանում Իրինա Արխիպովայի անմիջական մասնակցությամբ, այժմ վերածնունդ է ապրում մի քանի տարվա մոռացությունից հետո: Մեծ երգչուհու հոբելյանական տարում հսկայական ջանքեր են գործադրվել միջազգային մակարդակով ցույց տալու նրա աշխատանքի պտուղները և ժամանակակից դասական երաժշտության կատարման լավագույն օրինակները:
Գլինկայի մրցույթում ավանդաբար միշտ փայլել և մրցանակների են արժանացել նաև հայազգի օպերային երգիչները, որոնց թվում կարկառուն անուններից են Գեղամ Գրիգորյանը (1975), Արաքս Դավթյանը (1979), Բարսեղ Թումանյանը (1979):
Ալբինա Շագիմուրատովայի փոխանցմամբ՝ Գլինկայի մրցույթը, որպես մասնակից, իր առաջին մրցույթն է եղել. «Ես Մոսկվայի կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանողուհի էի, և Իրինա Արխիպովան ժյուրիի նախագահն էր։ Իմ առաջին մրցույթը, և անմիջապես՝ առաջին մրցանակ։ Դա մեծ խթան էր իմ կարիերայի համար։ Իրինա Կոնստանտինովնայի հետ hանդիպումը, և նրա խոսքերը. «Դու կերգես ամբողջ աշխարհում և անպայման կմասնակցես Չայկովսկու մրցույթին», – օգնեց ինձ հավատալ ուժերիս։
Ընդհանուր առմամբ, Գլինկայի և Չայկովսկու մրցույթները մեր երկրի երկու մեծ մրցույթներ են, որոնք սկիզբ են առնում դեռևս խորհրդային ժամանակներից։ Գլինկայի անվան Վոկալիստների մրցույթը կարևոր դեր է խաղացել շատ անվանի երգիչների կայացման գործում, և սա մեր մեծ պատմությունն է։ Նոյեմբերի 28-ին Երևանում կայացած համերգը մեծ հաջողությամբ անցավ։ Դահլիճում ներկա էին ոչ միայն վոկալիստներ, երաժիշտներ, այլև սովորական հանդիսատես, ովքեր մասնագիտական առումով կապ չունեն արվեստի հետ. ներկա էին արտասահմանյան պատվիրակությունների և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Ես շատ ուրախ եմ, որ այս մրցույթի անունը հնչեց հայկական հողի վրա։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ բանի մասին է խոսում։ Հատկապես ուրախալի է, որ մենք ելույթ ունեցանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանում: Նվագախմբին մաղթում եմ երկարակեցություն և բարգավաճում, միջազգային նշանակալից շրջագայություններ:

Համերգին ռուսական և եվրոպական օպերաների հայտնի արիաներից և զուգերգերից բացի, նվագախումբը կատարեց Խաչատրյանի և Միրզոյանի ստեղծագործությունները: Ես ուղղակի զմայլվեցի այդ երաժշտությամբ, որքան նուրբ և խորապես հուզվիչ է այն:
Նվագախումբը շատ նրբացգաց էր և շատ զգայուն կերպով նվագակցում էր ինձ և իմ գործընկերներին: Սա, իհարկե, Էդուարդ Թոփչյանի մեծ վաստակն է: Երևանյան համերգն արդեն մեր երկրորդ հանդիպումն էր այս նուրբ, զգայուն և ուշադիր դիրիժորի հետ, նման երաժիշտի հաճախ չես հանդիպի: Ուրախ եմ մեր համագործակցության համար, մաղթում եմ և՛ մաեստրոյին, և՛ նվագախմբին շարունակական հաջողություններ»:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այս կարևոր իրադարձության հետ կածված նշում է. «Ես առաջին անգամ Ալբինա Շագիմուրատովային հանդիպեցի 2022-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու փառատոնին: Մենք միասին ելույթ ունեցանք մեծ համերգային ծրագրով:
Իհարկե, ես միշտ հիացել եմ նրա արվեստով, բայց այդ համերգն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Շագիմուրատովան օժտված է աստվածային գեղեցկության ձայնով, որին նա տիրապետում է ապշեցուցիչ, կատարյալ կատարողական վարպետությամբ, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է մեր օրերում:

Երբ ինձ առաջարկեցին նրան հյուրընկալել Երևանում, ես անմիջապես համաձայնեցի՝ հրաշալի համերգի և այս մեծ երգչուհու արվեստը կրկին հաղորդակցվելու ակնկալիքով: Վստահ էի, որ նրա ղեկավարությամբ ընտրված երգիչները, որոնք Գլինկայի անվան Վոկալիստների միջազգային մրցույթի հաղթողներ են, նույնպես հիանալի ելույթ կունենան, և ես չսխալվեցի»:
Նոյեմբերի 28-ի համերգին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ալբինա Շագիմուրատովան և մրցույթի դափնեկիրներ Իվան Բորոդուլինը, Իոսիֆ Նիկիտենկոն, Միրոսլավ Մոլչանովը և Դանիլ Սախարովը: Ելույթ ունեցավ նաև Բելառուսի Մեծ թատրոնի մեներգչուհի Դարյա Գորոժանկոն։







Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ֆրանսերեն նոր գիրք, որ ցավոք, գուժում է Հայաստանի վախճանը․ Լուսանկար
Միջազգային թատերական փառատոնի փակումն ու Սաշա Վալցի ոճային պարային ներկայացումը․ Տեսանյութեր, Լուսանկարներ