Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Թեհրանում է: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»՝ իր հերթին հղելով իրանական Irna պետական գործակալությանը:
Այցի մեկնարկին Ֆիդանին ընդունել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ապա Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Գալիբաֆի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի հետ:
Ուշագրավ է, որ Ֆիդանի հանդիպումների մասին քիչ թե շատ տեղեկություն Իրանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է նրա և Լարիջանիի բանակցություններից:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկումների առանցքային թեմա են դարձել Սիրիայում և Գազայի հատվածում վերջին իրադարձությունները, ինչպես նաև Իսրայելի ագրեսիվ գործողությունները, կողմերը կարևորել են Անկարայի և Թեհրանի գործողությունների կոորդինացումը՝ նպատակ ունենալով հասնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը»:
Բանակցություններից հետո Լարիջանին հույս է հայտնել, որ «Անկարայի և Թեհրանի համագործակցությունը կխորանա»:
Այս տեղեկատվությունը խիստ ուշագրավ է երկու իրադարձության համապատկերին: Վերջերս Իսրայել է այցելել փոխարտգործնախարար Կոստանյանը և հրեական պետության ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ քննարկել հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հայ-իսրայելական հարաբերություններն, անշուշտ, վերբեռնման կարիք ունեն:
Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հայաստանի փոխարտգործնախարարի Երուսաղեմ այցին ընդառաջ իսրայելական որոշ լրատվամիջոցներ, որ ավանդաբար պաշտպանում են Ադրբեջանի շահերը, կրկին բարձրացրել են «հայկական հակասեմիտականության» թեման:
Իսրայելի և ԱՄՆ կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակումները զգալիորեն թուլացրել են Թեհրանի տարածաշրջանային դիրքերը: Սիրիայի և Գազայի հարցերում այսօր իսլամական աշխարհի առաջատարը Թուրքիան է:
Վերջին օրերին Իսրայելը Լիբանանի հարավում և Բեյրութում թիրախային հարվածներ է հասցրել իրանամետ «Հըզբալա»-ին, իսկ Սիրիայում՝ պատժիչ գործողություն իրականացրել սուննի-ջիհադական խմբավորման դեմ:
Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան այցին զուգահեռ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ խորհրդատվական հանդիպում են ունեցել Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեոսպանները: Նրանք նույնպես քննարկել են Սիրիայում և Գազայում վերջին իրադարձությունները և պայմանավորվել, որ շփումները կշարունակվեն:
Բացառված չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրանում քննարկել է նաև Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը: TRIPP նախագծի իրականացման հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը հիմնականում դրական է, բայց Իսլամական հեղափոխության առաջնորդի մերձավոր շրջապատից հնչում են նաև քննադատական տեսակետներ:
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման:
Վերջերս Իրանը Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ բեռնափոխադրումների համաձայնագիր է ստորագրել: Միաժամանակ Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը գործարկելու սկզբունքների մասին:
Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը և Իրանը «Թրամփի ուղու» գործարկման «շահառու են»: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի «տրանսպորտային մեկուսացման հաղթահարումը հնարավորություն կտա բեռնափոխադրումներ իրականացնել ինչպես արևելք-արեւմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով»:
Որքանո՞վ է այս գնահատականը մոտ Ադրբեջանի իրական մտադրություններին, Մերձավոր Արևելքում Ռուսաստանն ի՞նչ ընդհանուր շահ ունի Ադրբեջանի հետ:






Բաց մի թողեք
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց
Ռուսաստանի «ստվերային նավատորմի դեմ դրոնային հարձակումները» սևծովյան նոր պատերազմի մեկնարկ
10 սրբազաններ հանդես են եկել «ինքնաքննադատությամբ»