03/12/2025

Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նրա նախկին հայտարարությունը, թե Հայաստանում չկա գոնե մի գյուղ, որտեղ դրական փոփոխություններ չեն իրականացվել։

Նա նշեց, որ կա առնվազն մեկ գյուղ, որտեղ, իր ձևակերպմամբ, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել իշխանության օրոք․ խոսքը Ներքին Հանդի մասին է, որտեղ ադրբեջանական ուժերը զբաղեցրել են գյուղի գերեզմանոցներն ու վերահսկում են ջրի աղբյուրները։

Գրիգորյանը նաև անդրադարձավ վերջին ժամանակների  հակադրությանը եկեղեցու շուրջ, որը իշխանությունը ներկայացնում է որպես «նորոգման» գործընթաց։ Նա հիշեցրեց, որ վարչապետը վերջերս հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների՝ հարց բարձրացնելով, թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում նրանք հայտնվել են կառավարության աշխատասենյակներում։

Այնուհետև նա միացրեց Փաշինյանի նախկին ելույթներից մեկի ձայնագրությունը, որտեղ վարչապետը խիստ քննադատում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Պատգամավորը ընդգծեց, որ վարչապետն այն ժամանակ Նավասարդ արքեպիսկոպոսին վերագրում էր հակաքրիստոնեական դիրքորոշումներ, մինչդեռ այժմ նրա հետ քննարկում է եկեղեցու «նորոգման» հարցերը. «Եթե, ըստ ձեր խոսքի, այդ մարդը հեռու է հոգևոր արժեքներից, ապա ինչպե՞ս եք նրա հետ բանակցում եկեղեցու ապագայի շուրջ»: