Վերջերս Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում նախկինում գործող առեւտրի կենտրոնի տարածքը վարձակալությամբ վերցնելով՝ «88» ցանցի սուպերմարկետ են գործարկել։ Հանրության մեջ սուպերմարկետների այդ ցանցը կապում են Աննա Հակոբյանի հետ, որը երեկ ժխտել է իր կապն այդ ցանցի հետ։
Հրապարակ թերթը գրել է․ Նոյեմբերյանում այդ ցանցի սուպերմարկետը որոշ դժվարություններ է ունեցել: Մեզ բնակիչները հայտնեցին, որ Նոյեմբերյան քաղաքում եւ համայնքի 18 գյուղերում սուպերմարկետի մենեջեր չեն կարողացել գտնել, ուստի Իջեւան համայնքից են մենեջեր ընդունել։
Զրուցեցի սուպերմարկետի մենեջեր Նարեկ Մարտիրոսյանի հետ, հարցրի՝ նախկինում սուպերմարկետի մենեջեր աշխատե՞լ է: Ասաց, որ մենեջեր չի աշխատել, սակայն այդ ոլորտում 10 տարվա աշխատանքի փորձ ունի։ Սուպերմարկետում վաճառողներն աշխատում են 3 հերթափոխով՝ առավոտից մինչեւ ժամը 16-ը, ժամը 16-24-ը եւ 24-ից մինչեւ առավոտ, ամեն հերթափոխը՝ 8 ժամ։ Յուրաքանչյուր հերթափոխի համար վաճառողները վարձատրվում են 3 հազար դրամի չափով, այսինքն, ամեն ամիս, շաբաթը միայն մեկ հանգստյան օր ունենալով, ամսական ստանում են 85 հազար դրամ։ Նոյեմբերյանցի վաճառողուհիները դժգոհ են, որ «88» սուպերմարկետի երեւանցի վաճառողն ամեն հերթափոխի համար ստանում է 9 հազար դրամ, իսկ իրենք՝ դրանից 3 անգամ քիչ։ Այդ տարբերության մասին հարցրի Նարեկ Մարտիրոսյանին։ Ասաց, որ Երեւանում սուպերմարկետը բազում անգամներով ավելի շահույթ է ապահովում, այդ պատճառով էլ վարձատրության նման տարբերություն կա: Կեսգիշերին իրենց աշխատանքն ավարտող վաճառողները դժվարություն են ունենում տուն՝ Նոյեմբերյանի գյուղեր հասնելու հարցում։ Մարտիրոսյանն ասաց, որ կեսգիշերին աշխատանքն ավարտողներին իրենք տաքսու վճար են փոխհատուցում` ողջամտության սահմաններում։
Այդ դեպքում ինչո՞ւ են աշխատանքից հեռացել սուպերմարկետի մի շարք աշխատողներ։ Ասաց, որ վաճառողուհիներից մեկը՝ Ոսկեպար գյուղի բնակչուհի, աշխատանքից հեռացել է տրանսպորտային դժվարությունների պատճառով, իսկ 3-4 աշխատողի իրենք են հեռացրել` աշխատանքային կարգապահության խախտումների, սուպերմարկետի համազգեստը պատշաճ չկրելու եւ այլ պատճառներով։ Նոյեմբերյանցիներին զարմացրել է, որ այդ սուպերմարկետում օրական 3 անգամ, տարբեր ժամերի ապրանքների գնապիտակներ են փոխում։ Մենեջեր Մարտիրոսյանն ասաց, որ դա արվում է ի շահ գնորդների` որոշակի ժամերին ապրանքների էժանացման նպատակով։






Բաց մի թողեք
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված
Քրեական գործով անցնող Արփի Դավոյանը սկսել է մանդատի համար պայքարը