Մինչ քաղաքական գործիչների, փարձագետների և մամուլի ուշադրությունը սևեռված է ուկրաինական կարգավորման վրա, և գրեթե բոլորը կասկածում են Միացյալ Նահանգների նախագահի լավատեսությանը, թե կհաջողվի մինչև դեկտեմբերի 26-ը «գործարք կնքել», Մերձավոր Արևելքում ևս ամերիկյան դիվանագիտությունն «ուշանում է»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելը և Սիրիան մինչև տարեվերջ կստորագրեն հարաբերությունների հաստատման մասին որևէ փաստաթուղթ: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիայի հետ «մի քանի քննարկումներ անցկացվել են, բայց կողմերը նույնիսկ չեն հասել մոտեցումները գրավոր շարադրելուն»:
Բենիամին Նաթանյահուն, ըստ իսրայելական մամուլի, նախապատրաստվում է մեկշաբաթյա այց կատարել Միացյալ Նահանգներ: Դեկտեմբերի 29-ին Դոնալդ Թրամփը նրան կընդունի Սպիտակ տանը: Իսրայելի վարչապետի այլ հանդիպումների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Նաթանյահուի գրասենյակի հայտարարությունը վկայում է, որ ԱՄՆ նախագահի հետ նրա բանակցությունները, մեղմ ասած, բարդ են լինելու:
Իշխանամետ Turkiye պարբերականը, վկայակոչելով մի քանի աղբյուրների, գրում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիս-արեւելքի քուրդ առաջնորդներին հորդորել է «մոռանալ ինքնավարության մասին և հարցերը կարգավորել Դաամսկոսի իշխանությունների հետ»: Թուրքական պարբերականի ներկայացմամբ, «քրդերը ներկայումս պատուհան են փնտրում Իսրայելում»:
Ըստ տեղեկությունների, Իսրայելը Սիրիայից «պահանջում է լիովին ապառազմականացնել Դամասկոսից հարավ ընկած տարածքները և դրուզաբնակ շրջանների համար միջանցք բացել»:
Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «դրուզները Սիրիայից բաժանվելու ցանկություն չունեն, անջատողականությունը հրահրում է Նաթանյահուի ցեղասպան կառավարությունը»:
Միացյալ Նահանգներն, ինչպես հայտնի է, ոչ միայն ճանաչել է Սիրիայի նոր իշխանություններին, այլև մի շարք պատժամիջոցներ չեղյալ է հայտարարել: Սիրիայի հետ առեւտրա-տնտեսական որոշակի կապեր է հաստատել նաև Եվրահանձնաժողովը:
Իրավիճակը, սակայն, բարդ է նրանով, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական «ինքնավարությունը» ներկայումս վերահսկում է «Իսլամական պետության» գրոհայինների մի քանի ճամբարներ:
Turkiye-ի տեղեկություններով, քրդական առաջնորդներից Մազլում Անդին ԱՄՆ-ին «սպառնացել է, որ ազատ կարձակի 25 հազար իսլամական գրոհայինների, և նրանք կտապալեն Սիրիայում Ահմադ ալ-Շարաայի կառավարությունը»:
Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի «ուշացումը» հղի է նոր լարվածությամբ: Փորձագետները համարում են, որ մեծ է Իրանի դեմ Իսրայելի նոր պատերազմի, ինչպես նաև Սիրիայում իսրայելա-թուրքական ուղղակի կամ պրոքսի բախման հավանականությունը:
Իսրայելում նախընտրական շրջան է, և Նաթանյահուն նաև ներքաղաքական նկատառումներից ելնելով կարող է սրացումների դիմել:






Բաց մի թողեք
Ալիևը որոշակի ակնկալիքներ ունի՝ փախստականներին Հայաստան վերադարձնելու հարցում
Ալիևյան քարոզչության սադրանք է, զգույշ եղեք
Ինչ-որ պահի Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի ԵԱՏՄ և ԵՄ միջև