13/12/2025

Ռուսաստանը երկարատև պատերազմների է նախապատրաստվում, դա Պուտինի համար կյանք է

«Վաշինգտոն փոստի» սյունակագիր Իգնատիուսը, հղելով կողմերի իրազեկ պաշտոնյաներին, բացահայտել է ուկրաինական կարգավորման Թրամփի «խմբագրված ծրագիրը»: Ըստ հեղինակի, նախնական նախագիծը վերածվել է երեք առանձին փաստաթղթի:

Առաջինը վերաբերում է կրակի դադարեցմանը, բուֆերային և «խորքային անվտանգության գոտու» ստեղծմանը, երկրորդը՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը, Եվրամիությանը նրա անդամակցությանը և անվտանգության երաշխիքներին, իսկ երրորդը՝ վերականգմանը և տնտեսական զարգացմանը:

Էական է, որ առաջարկվում է Ուկրաինային ԱՄՆ կողմից անվտանգության այնպիսի երաշխիքների տրամադրում, ինչպիսիք սահմանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը:

Ընդ որում, ինչպես նաև այլ աղբյուրներ են վկայում, Ուկրաինայի նախագահ Զելենսկին պնդում է, որ երաշխիքների մասով պայմանագիրը պետք է վավերացվի Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից: Ըստ Իգնատիուսի, առայժմ հաղթահարված չեն «տարածքային փոխանակումների շուրջ» ԱՄՆ-Ուկրաինա տարաձայնությունները:

Այս ֆոնին ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրի մասին, որով նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների զորահավաք: Մամուլը մասնավորեցնում է, որ խոսքը ոչ թե ռազմաճակատը համալրելու, այլ «շրջիկ խմբեր կազմավորելու մասին է, որոնք պետք է ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներից պաշտպանեն կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները»:

Պուտինի հրամանագրի մեկնաբանություններից հասկացվում է, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի, տրանսպորտային և էներգետիկ ձեռնարկությունների աշխատակիցները «զինկոմիսարիատներում կամավորագրված են», ինչի դիմաց ամսական մոտ վեց հազար ռուբլի հավելավճար են ստանում:

Զորակոչի ենթակա են այդ խմբի տղամարդիկ: Նախատեսված է, որ նրանք «իրենց բնակության մարզերում պետք է անցնեն հիսունօրյա վերապատրաստում, այնուհետև անցնեն ծառայության»: Այդ ընթացքում նրանց միջին ամսական աշխատավարձը պահպանվում է, ինչպես նաև հատկացվում «վաթսունվեց հազար ռուբլի հավելավճար»:

Պարզ չէ, թե զորակոչված և պատրաստություն անցած «շրջիկ խմբերն» ինչպես պիտի կրիտիկական նշանակության օբյեկտներն ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներից պաշտպանեն: Ամենայն հավանականությամբ, նրանց կտրամադրվեն զենիթային գնդացիրներ և շարժական հրթիռներ, բայց ավելի կարևոր է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը փաստորեն ենթադրում է տևական պատերազմի պատրաստություն:

Վերջին շրջանում Ուկրաինան Ռուսաստանի նաև թիկունքային մարզերում է ցավոտ հարվածներ հասցրել: Հատկապես տուժել են նավթավերամշակման գործարանները և Կրասնոդարի երկրամասի նավահանգիստները, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններ, ռազմական օդանավակայաններ:

Զորակոչ մասին Պուտինի հրամանագիրը վկայում է, որ զգալի կորուստներ է կրել նաև Ռուսաստանի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգը: Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի հասնել «հատուկ ռազմական գործողության նպատակներին», պատերազմը կշարունակվի: