15/12/2025

Բաքուն ԵՄ – Հայաստան ռազմավարական համագործակցության նկատմամբ կասկածամիտ է

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսվում է կիրառել եկող տարեսկզբից:

Բայց մինչ այդ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ անհապաղ պատժամիջոց է կիրառում՝ արգելելով «ստվերային նավատորմի» ևս քառասուն լցանավի մուտքը ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ:

Այդ մասին հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը: «Մենք սև ցուցակում կընդգրկենք ստվերային նավատորմի քառասուն նավ, ինչպես և նրանց, ովքեր նրանց աջակցում են, որպեսզի սահմանափակենք ռուսաստանյան ռեսուրսները»,- ասել է Կալասը: Էստոնիայի ԱԳՆ հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը «կտարածվի էներգետիկ ընկերությունների և Ռուսաստանի հետ համագործակցող երրորդ երկրների վրա»:

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների նոր փաթեթը քննարկում է Բեռլինում ընթացող բանակցություններին գրեթե զուգահեռ: Դեկտեմբերի 15-ին նախատեսված է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Մերցի հետ: Politico-ի գնահատմամբ, դա «եվրոպական «եռյակի» վերջին հնարավորությունն է՝ Դոնալդ Թրամփին համոզելու, որ Ուկրաինան պաշտպանում է Եվրոպան»:

Արտաքին քաղաքականության հարցերով Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը նախօրեին ասել է, որ Մոսկվան Անքորիջում Թրամփ-Պուտին «պայմանավորվածություններից դուրս որևէ առաջարկություն չի ընդունի»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը բացառել է «ժամանակավոր հրադադարը» և պնդել, որ կարգավորումը «պետք է լինի համապարփակ, իրավական պարտադիր ուժ ունեցող»:

Նա, ընդսմին, հավելել է, որ բուն համաձայնագրից զատ Ուկրաինան պետք է «պայմանավորվածությունների կատարման հստակ պարտավորություններ ստանձնի»:

Ռուսաստանյան մամուլը խստորեն քննադատում է Եվրամիությանը և հատկապես «եռյակի» առաջնորդներին, նրանց մեղադրում Թրամփի ծրագիրը «ձախողելու և պատերազմը շարունակելու» մեջ:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ հարձակվելու մտադրություն չունի, բայց եթե Եվրոպան պատերազմ է ցանկանում, ապա Ռուսաստանը «թեկուզ այսօր պատրաստ է»:

Այս չափազանց բարդ իրավիճակում հայտնի է դարձել, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների քննարկումներին կմասնակցի նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Եվրամիության և Հայաստանի ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել «մեկնաբանություններով»:

Բաքուն ԵՄ – Հայաստան ռազմավարական համագործակցության նկատմամբ, մեղմ ասած, կասկածամիտ է: Միաժամանակ հայտնի է դարձել, որ այս օրերին Ադրբեջանի էներգետիկայի նախարարը Վաշինգտոնում քննարկել է այդ ոլորտում ԱՄՆ հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Ուկրաինայի հարցում Եվրամիության հետ Միացյալ Նահանգների տարաձայնությունները Բաքուն կարող է օգտագործել հայ-ադրբեջանական գործընթացում: