Դեկտեմբերի 17-ին առաքելական եկեղեցու 10 բարձրաստիճան եպիսկոպոսները, որոնք անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, հանդես եկան կոչով այն մասին, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունենալու ցույց՝ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին ուղղված՝ «հանգստի գնալու կոչով»։
Արդյո՞ք հնարավոր է ցույցի միջոցով Կաթողիկոսին պարտադրել հրաժարական տալ կամ «կոչել հանգստի», եւ, առհասարակ` ի՞նչ է այս ամենը նշանակում։
Արտասահմանում բնակվող բարձրաստիճան եկեղեցական աղբյուրը, որի անունը չենք գաղտնազերծի, այս ամենի առիթով բացատրում է. «Անիմաստ գործողություն է։ Ոչ մի բանի հասնել չեն կարող։ Եկեղեցին միայն իր պաշտոնական գոյության 17 դարերի ընթացքում իր կուտակած ահռելի փորձառությամբ այնպիսի ինքնաբավ համակարգ է ձեւավորել, որ այդպիսի գործողությունները պարզապես մնալու են որպես ձախողված փորձեր։
Նույնիսկ եթե, օրինակ, ուժով գրավեն Մայր Աթոռն ու իրենց ուզած թեկնածուին այդ 10 սրբազանների միջից ընտրեն տեղապահ, դա ոչինչ չի նշանակելու, քան միայն այն, որ կհամարվի, որ Հայրապետական Աթոռն ուզուրպացված է, ու վերջ»։ Հարցին, թե ինչ է այս ամենը նշանակում, պատասխանեց․ «Եկեղեցին նույն ժողովուրդն է, ու ինչպես ժողովրդի մեջ ամեն տեսակ մարդիկ կարող են պատահել, այդպես էլ՝ Եկեղեցու։
Ինձ համար բոլոր սրբազաններն էլ իմ հոգեւոր եղբայրներն են՝ առանց բացառության, հայտնի 10 սրբազաններն էլ։ Հետեւաբար, նրանց հասցեին ուղղված որեւէ էպիտետից զերծ կմնամ։ Ի վերջո, չգիտենք՝ իրենց հոժար կամքով ու ազատ ընտրությա՞մբ են որոշել միանալ այս ամենին, թե՞ հարկադրաբար։ Ես այս ամենը համարում եմ խժդժություն, պարզապես խժդժություն, որի մասին պատմության գրքերում է գրվելու, եւ վերջ։ Լուրջ արդյունք չի ունենալու։
Եթե անկեղծ լինեմ՝ այդ 10 սրբազաններն էլ դա գիտեն, որովհետեւ գիտեն մեր Եկեղեցու ընկալյալ ավանդույթն ու կանոնական դրությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը, կարող է գահից հրաժարեցնել կամ, ավելի կոշտ բառով ասեմ՝ գահընկեց անել միայն Ազգային-եկեղեցական ժողովը։ Վեհափառն էլ, եթե ցանկանա գնալ հանգստի, ապա այդ որոշումը պետք է կայացնի առանց որեւէ նշույլ իսկ ճնշման, որպեսզի այդ որոշումը լինի լեգիտիմ։ Մնացածը, ինչ էլ անեն այդ ուղղությամբ, լեգիտիմ չի լինելու։ Իսկ չլեգիտիմությունը գուցե Հայաստանի ներսում՝ ձեզ մոտ, կարեւորության չի արժանանում, բայց դրսում դա ամենակարեւոր հարցերից է։
Ինքնահռչակների պակաս չենք ունեցել պատմության ողջ ընթացքում։ Սա էլ կանցնի։ Նայեք Ուկրաինային՝ ինքնահռչակ կամ ինքնակոչ պատրիարք Ֆիլարետ Դենիսենկոյին։ Ո՞վ է նրա հետ հաշվի նստում եկեղեցական շրջանակներում՝ ոչ մեկը, որովհետեւ լեգիտիմ չէ։ Լեգիտիմը միայն կանոնական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին է՝ իր ղեկավար միտրոպոլիտ Օնուֆրիով։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «լավ հոտառություն» ունեցող մարդ է ու լավ է հասկանում շատ բաներ, եւ կարծում եմ՝ մեծ հաշվով, 10 սրբազաններին ինքն էլ լուրջ չի ընդունում։ Պարզապես իրեն հիմա ձեռնտու է այս ամենը, որովհետեւ նախընտրական շրջան է ձեզ մոտ՝ Հայաստանում, ու քանի որ որոշ բաներ եղան այնպես, ինչպես եղան, հիմա էլ կա այն, ինչ որ կա»։
Հարցին՝ իսկ ո՞րն է լուծումը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Օրեր առաջ Խաժակ սրբազանը լավ հոդված էր հրապարակել։ Ձեզ մոտ՝ լրատվամիջոցներով տպագրվեց։ Այնտեղ եթե ուշադիր կարդաք ու, ինչպես Խաժակ սրբազանն է սիրում ասել, «տողարանքներում եղած մեսիջները հասկանաք», լուծումները տրված են։
Նաեւ Պոլսի Սահակ պատրիարքն էր բավական լավ առաջարկ արել՝ նորից հրապարակային։ Ուշադրություն դարձրեք, ես խոսում եմ միայն հանրայնորեն ասված խոսքերի վրա հղում տալով, որովհետեւ իրավունք չունեմ մասնավոր խոսակցություններ բարձրաձայնելու։
Իսկ առհասարակ՝ եթե նորից գնանք պատմությանն ու վերադառնանք, ապա երբեք ու երբեք պետք չէ մոռանալ Հայոց եկեղեցու ունեցած աշխարհաքաղաքական դերակատարման մասին։ Ու նաեւ, որ մենք՝ որպես Եկեղեցի, ներկա ենք աշխարհի 70 երկրում, իսկ սրբազաններս՝ այդ 70 երկրների ու դեռ ավելիի, ձեզ մոտ «նորաձեւ» համարվող եզրույթով ասած՝ էլիտաների հետ կապեր ու շփումներ ունենք։ Այսքանը»։

Բաց մի թողեք
ԵՄ-ն կորցնում է համբերությունը Թրամփի վերջին սակագնային սպառնալիքից հետո
Ինչու է ԱՄՆ-ԵՄ պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը կարևոր ավելի քան երբևէ
Իսլանդիան ձգտում է արագացված քվեարկություն անցկացնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ