13/02/2026

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում. Լուսանկար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ապրիլի 14-ին կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Համերգը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ։ Կառավարությունը միջոցառման կազմակերպման նպատակով հատկացրել է 106 մլն դրամ։

Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում։ Դաշնակահարը առաջին անգամ կայցելի Հայաստան։

Համերգի ընթացքում նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Լանգ Լանգը համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ և մասնակցել է համաշխարհային նշանակության միջոցառումների, այդ թվում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ 2009 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Դաշնակահարը նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որը միտված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։

Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։