13/02/2026

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի

Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։

Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։

Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։