Ադրբեջանի Միլլի մեջլիսը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրինագծին, որով խստացվում է ներդրումներն ազգայնացնելու կարգը:
Ինչպես ադրբեջանական մամուլն է փոխանցում, գործող օրենքը թույլ է տալիս ազգայնացնել ներքին և օտարերկրյա ներդրումները, եթե պետական շահը գերակա է:
Խոսքը, մասնավորապես, օդանավակայանների, ավտոմայրուղիների, երկաթգծերի և մետրոպոլիտենի ընդլայնման դեպքում տվյալ տարածքի կամ այնտեղ կառուցված ձեռնարկության ազգայնացման մասին է, որի դեպքում կառավարությունը փոխհատուցում է վճարում:
Առաջարկվող փոփոխությունը կառավարությանը թույլատրում է ներդրումներն ազգայնացնել, եթե դրա արդյունքում իրականացվող գործունեությունը «հակասում է Ադրբեջանի պետական շահերին կամ սպառնում նրա անվտանգությանը»:
Օրինագծի քննարկմանը պատգամավոր Հասանգուլիևը քննադատել է կառավարության նախաձեռնությունը: Նա, մասնավորապես, խոսել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցին նախորդած՝ Միացյալ Նահանգների Առևտրի պալատի բարձրաստիճան պատվիրակության հետ Իլհամ Ալիևի հանդիպման մասին:
«Ահա կգան ամերիկացիները և բազմամիլիոն ներդրումներ կանեն, կստեղծեն տեղեկատվության թվայնացված կենտրոն: Եվ ի՞նչ, մի պահի մենք կարող ենք նրանց ասել՝ վերցրեք ձեր փողերը և վերադարձեք, քանի որ հավաքում եք մեր անվտանգությանը սպառնացող տեղեկություննե՞ր»,- հռետորական հարցադրում է արել նա:
Այս տեղեկությունը բավական խորհրդանշական է այն առումով, որ ադրբեջանցի խորհրդարանականը հատկապես անդրադարձել է ամերիկյան ներդրումների ենթադրյալ ազգայնացման մասին:
Մանավանդ որ օրինագծի քննարկումը հաջորդում է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության եւ փոխնախագահ Վենսի հետ անձամբ Իլհամ Ալիևի ունեցած քննարկումներին: Կարելի է ենթադրել, որ Վենսի այցից և նրա հետ փակ հանդիպումից Իլհամ Ալիևը «դժգոհ է մնացել»:
Նույն օրը նա մեկնել է Մյունխեն, որտեղ հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը: Ալիևը վերստին կրկնել է այն թեզը, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանելուց հետո»:
Ինչ վերաբերում է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա, ըստ Ալիևի, նրանք «տարիներ շարունակ հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի դեմ, ձերբակալվել են Ղարաբաղում և կանգնել դատարանի առջև, նրանց մեղքն ապացուցվել է բազմաթիվ վկայություններով»:
Այս հռետորաբանությունից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ փոխնախագահը երկու՝ Հայաստանի հետ պայմանագիր ստորագրելու և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հայրենդարձության, հարցերով նրա հետ քննարկումներ ունեցել է, բայց Ալիևը մնացել է իր տեսակետին: Ալիևը միաժամանակ շատ բարձր է գնահատել Խաղաղության խորհուրդ ստեղծելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այդ կառույցը «ՄԱԿ-ի անգործության պայմաններում կկարողանա միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել»:
Նա դեռևս հրապարակային չի հաստատել Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցությունը, բայց հասկացվում է, որ ընդունել է հրավերը: Ըստ երևույթին, կան հարցեր, որ Ալիևը վերապահում է միայն Դոնալդ Թրամփի իրավասությանը:

Բաց մի թողեք
Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին
Ֆրանսիան ինչո՞ւ է Ալիևին հնարավորություն ընձեռել ․․․
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները