Եվրասիայի ուսումնասիրության թուրքական կենտրոնի վերլուծաբան Հեյզեն Չաղան Էլբիրը պետական «Անադոլու» գործակալության խնդրանքով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի վերաբերյալ հեղինակային հոդված է գրել:
Առաջին դիտարկումը նա արել է այդ այցի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին և նկատել Մոսկվայի կողմից «շոշափելի արձագանքի կամ անհանգստության արտահայտության բացակայությունը»:
Նրա գնահատմամբ, դա «կարող է նշանակել, որ տարածաշրջանում ԱՄՆ գործողությունները Ռուսաստանի ընթացիկ ներկայությանը ուղղակի դեմ չեն»:
Դրա փոխարեն թուրք վերլուծաբանը ենթադրել է, որ Հարավային Կոկասի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը «եվրասիական ավելի լայն ռազմավարության մաս է կազմում, որը ներառնում է Չիանաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծին որպես այլընտրանք՝ լոգիստիկ և տնտեսական միջանցքների ստեղծումը, էներգետիկ անվտանգության ապահովումը, կրիտիկական կարևորություն ունեցող հանքանյութերի մատակարարման շղթայի կառուցումը և տարածաշրջանում իր կայուն ներկայության հաստատումը»:
Հեկզան Չաղան Էլբիրը, որ ասվածի հիմնավորում, նշում է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական գագաթնաժողովի կազմակերպումը և անցած հունվարին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված TRIPP նախագծի իրականացման մասին, ինչպես ինքն է անվանել՝ «Շրջանակային ծրագիրը», որը «նախատեսում է Հայաստանի տարածքով ստեղծել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող տրանզիտային անընդմեջ, մուլտիմոդալ միացումներ (երկաթուղի, էներգետիկա, ավտոճանապարհներ և թվային ենթակառուցվածքներ):
Վերլուծականի հեղինակը Թուրքիայի պետական լրատվական գործակալության համար հեղինակած հոդվածում անդրադառնում է նաև ստեղծվելիք հայ ամերիկյան TRIPP Development Company ընկերության գործունեությանը, նշում, որ նա կստանա ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու արտոնություն, իսկ գործարկման եկամուտը 49 տարում կբաշխվի 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին, 26 –ը՝ Հայաստանին համամասնությամբ: Սահմանված ժամկետի լրանալուց հետո Հայաստանի մասնաբաժինը կհասնի 49 տոկոսի:
Թուրք վերլուծաբանն, ընդսմին հստակ արձանագրում է, որ Հայաստանը նախագծի տարածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանություն է պահպանում, քանի որ «օրենսդրական, դատական, ազգային անվտանգության, սահմանների վերահսկողության, մաքսային և հարկային բոլոր լիազորությունները լիովին պատկանում են Հայաստանին»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի համար կարևորությանը, ապա Էլբիրը գտնում է, որ TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքի» լիարժեք գործարկման «հնարավորության կարեւոր պատուհան է բացում, որպեսզի Թուրքիան Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ ունենա ուղիղ, չընդհատվող կապ»:
Դժվար է ասել, թե ի՞նչ է ակնարկում թուրք վերլուծաբանը, երբ TRIPP-ը գնահատում է որպես «հնարավորության կարևոր պատուհան», այլ ոչ թե՝ Թուրքիա-Կենտրոնական Ասիա հաղորդակցության կայանալիք «հանգույց»:
Արդյո՞ք փակ քննարկումներ են ընթանում, որպեսզի Թուրքիան TRIIP-ին «միանա Հայաստանի տարածքում՝ Կարս-Գյումրի-Երասխ գծով», թե՞ Անկարան «որոշ վերապահումներ ունի»:
Ոչ ոք TRIPP-ի գործարկման հետ կապված «վարդագույն պատրանքներ» չունի: Ինչպես աշխարհաքաղաքական ամեն մի նախագիծ, այն նույնպես մրցակիցներ և հակառակորդներ ունի: Միամտություն կլիներ նաև կարծել, թե Էլբիրի մեկնաբանությունը Թուրքիայում ունիվերսալ է:
Տվյալ փուլում շատ էական է, որ «Անադոլուն» հանրայնացնում է, որ Հայաստանը նախագծի տարածքի նկատմամբ սուվերենությունը չի զիջում, իսկ օրենսդրական, դատական, ազգային անվտանգության, սահմանների վերահսկողության, մաքսային և հարկային «բոլոր լիազորությունները պատկանում են» նրան:

Բաց մի թողեք
Կհաղթի՞ Վարշավան ԵՄ մաքսային գրասենյակի նստավայրի համար մրցույթում
Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է
Փորձենք հասկանալ՝ կա՞ն արդյոք իրավիճակը փրկելու ելքեր