France 24 հեռուստաընկերությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը բավական արտառոց է: Նախ, երկու երկրների հարաբերությունները գոնե հրապարակային տիրույթում, մեղմ ասած, բոլորովին էլ անամպ չեն:
Երկրորդ, Ադրբեջանի նախագահն, անկասկած, միջազգային, եվրոպական քաղաքականության այն «խաղացողը» չէ, որի այս կամ այն դիտարկումը ֆրանսիացիներին հույժ հետաքրքիր է: Այս համատեքստում տպավորություն է, որ հարցազրույցի կազմակերպիչները, որ իրենց խմբագրական քաղաքականությունը, հավանաբար, համադրել են Ֆրանսիայի իշխանությունների մոտեցումներին, հետապնդել են Իլհամ Ալիևին որպես «ազդեցիկ դեմք» ներկայացնելու նպատակ:
Այդ կարգի հարցազրույցների ամբողջական «սցենարը» մշակվում է նախօրոք: Ըստ այդմ, ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» և Ալիև-Վենս բանակցություններում նրանց ազատ արձակման հնարավորության մասին հարցադրումը կարող էր հնչեցվել միայն կողմերի համաձայնությամբ:
Այդ թեմայի հրապարակայնացումն այնպես, ինչպես ներկայացվել է, Ադրբեջանի նախագահին ձեռնտու է մի քանի, առաջին հերթին՝ ներքաղաքական, առումով: Ադրբեջանական ընդդիմությունը նրան մեղադրում է «ցեղասպան Վագիֆ Խաչատուրյանին ազատություն շնորհելու, բայց ԱԺՃ առաջնորդ Քերիմլիին բանտում պահելու» մեջ:
Ո՞րն է այդ չափազանց զգայուն խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի տեսակետը միջազգայնացնելու ֆրանսիական կողմի շահագրգռվածությունը: Վաշինգտոնում վարչակազմի փոփոխությունից հետո ամերիկա-ֆրանսիական հարաբերությունները բարդ են:
Չնայած գործադրած մեծ ջանքերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին այդպես էլ չի հաջողվել ուկրաինական կարգավորման ազդեցիկ դերակատարության հասնել: Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական և հայ-ամերիկյան ու ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածությունները խոշոր հաշվով Հարավային Կովկասում նաև Ֆրանսիայի ազդեցությունը «սահմանափակելու» իմաստ ունեն կամ Ելիսեյան պալատի կողմից առնվազն այդպես են ընկալվում:
France 24-ի հարցազրույցը կառուցված է այնպես, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատման, «Թրամփի ուղի» նախագծի, ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախ վերադարձի մասին Ադրբեջանի նախագահի բացառապես անվիճելի դիտարկումներից հետո միայն լրագրողն անդրադառնում է ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարին:
Եվ Ալիևը բացահայտում է, որ տևական դադարից հետո Մակրոնի հետ առաջին հանդիպմանն իրենք «սեղմել են վերբեռնման կոճակը»:
Որքան էլ ծանր լինի քաղաքական «շոուից» տպավորությունը, հարկ է ընդունել «սառը ցնցուղի» օգտակարությունը: Գլխավոր խնդիրը, հավանաբար, այն է, թե ֆրանսիական հեռուստատեսությունն ինչո՞ւ Ալիևին հնարավորություն է ընձեռել, որպեսզի նա ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը որակի «նացիստներից ավելի ծանր հանցագործությունների կազմակերպիչ»:
Եթե Ելիսեյան պալատը «Ալիևի Նյուրնբերգը» լեգիտիմացնելու առնվազն քարոզչական հարթակ է ապահովում, ապա Ֆրանսիան իրական ի՞նչ շահ է փորձում Ադրբեջանի միջոցով իրացնել Հարավային Կովկասում:

Բաց մի թողեք
Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին
Ալիևը վերապահում է միայն Դոնալդ Թրամփի իրավասությանը
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները