15/02/2026

Հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է․ Նամականի, Լուսանկարներ

ruben sevak e1771149278119

Այսօր արևմտահայ գրականության ամենանուրբ ու միաժամանակ ամենախիզախ ձայներից մեկի՝ Ռուբեն Սևակ ծննդյան օրն է։ Նրա անունը հնչում է ինչպես մեղմ, բայց խորունկ զանգի ղողանջ՝ ցավի, սիրո և արժանապատվության միախառն ձայնով։

Սևակի պոեզիան առաջին հերթին ներքին ազնվության տարածք է։ Նա չէր սիրում ճոխ պաթոսը․ նրա բառերը լուռ են, բայց ծանր։ Արևմտահայ իրականության ողբերգական շունչը նրա տողերում չի դառնում աղաղակ, այլ՝ խոհ։ Նրա բանաստեղծություններում սերը երբեք միայն անձնական զգացում չէ․ այն նաև մշակութային հիշողություն է, հայրենի հողի կարոտ, մարդկային արժանապատվության պնդում։ Նա կարողանում էր միևնույն տողի մեջ միավորել բժշկի սթափ հայացքն ու բանաստեղծի խոցելի սիրտը։

Ռուբեն Սևակի արձակը ևս նույն ներքին լարվածությունն ունի։ Այնտեղ մարդը կանգնած է իր ժամանակի դիմաց՝ մերկ ու ճշմարիտ։ Նրա կերպարները չեն ճչում, չեն փայլում արտաքին հերոսությամբ, բայց ապրում են խոր, բարոյական պայքարով։ Սևակի գրիչը նուրբ է, սակայն երբեմն՝ վիրաբույժի դանակի պես ճշգրիտ․ նա կտրում է պատրանքը՝ ցույց տալու համար մարդու իրական դեմքը։

Բայց եթե նրա պոեզիան լույսի և ցավի համադրություն է, ապա նրա սիրո նամակները շնչող հրաշք են։ Ֆինն նկարչուհի Յաննե Ապելինի (Եաննի Ապելին) հետ նրա նամակագրությունը հայ գրականության ամենահուզիչ էջերից է։ Այդ նամակներում Սևակը այլևս միայն ազգային ողբերգության կրող չէ, այլ՝ սիրահարված տղամարդ, փխրուն, անկեղծ, երբեմն մանկական անմիջականությամբ։ Նա գրում է հեռավորությունից, բայց այդ հեռավորությունը լցված է ջերմությամբ։ Յաննին նրա համար դառնում է ոչ միայն սիրելի կին, այլ նաև հոգու ապաստան՝ մի աշխարհ, որտեղ կարելի է հավատալ, որ գեղեցկությունը դեռ գոյություն ունի։

Այդ նամակները կարդալիս թվում է՝ ժամանակը դադարում է։ Բառերը չեն մաշվում, որովհետև գրված են սիրո ճշմարտությամբ։ Սևակը այնտեղ բացվում է ամբողջությամբ՝ իր կասկածներով, իր հույսերով, իր անվերջ հավատով մարդկային կապի ուժին։ Եվ որքան ողբերգական է գիտակցել, որ այդ սերը, այդ ձայնը ընդհատվեց ցեղասպանության արյունոտ տարում՝ 1915-ին, երբ նա դարձավ հայ մտավորականության զոհերից մեկը։ Նրա կյանքի կիսատությունը կարծես մշտական ստվեր է նամակների լուսավոր էջերի վրա։

Սակայն Սևակի բառերը չեն մահանում։ Դրանք ապրում են՝ ինչպես սեր, որ ժամանակից ուժեղ է։ Նրա պոեզիան մեզ հիշեցնում է, որ ամենամեծ մթության մեջ անգամ մարդը կարող է պահել իր ներսի լույսը։ Նրա արձակը հուշում է, որ արժանապատվությունը երբեք հնացած արժեք չէ։ Իսկ Յաննեին ուղղված նամակները ապացուցում են, որ սիրելը՝ նույնիսկ վտանգված աշխարհում, արդեն իսկ հերոսություն է։

Այսօր, երբ հիշում ենք Ռուբեն Սևակին, մենք հիշում ենք ոչ միայն կորսված մի կյանք, այլ նաև մի ամբողջ հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ։ Եվ այդ խոսքը դեռ տաք է։

Սիմոն Սարգսյան

Ռուբեն Սևակ

Եկո՜ւր

Եկո՜ւր, եկո՜ւր, ճամփաներեն անուրջիս,

Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,

Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,

Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես

Եկո՜ւր, եկո՜ւր ճամփաներեն անուրջիս․․․

 

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,

Ես՝ մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ․․․

Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ’ դեգերի,

Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի․․․

 

Քու տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ.

Ու դուն մարմինն ես անմարմին երգերուս,

Խենթեցընող հավերժահարսը բողբոջ,

Ցող մահացնող սրտի հազար վերքերուս.

Սուրբ տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ․․․

 

Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս,

Քեզ երգելեն արյունեցան, խենթեցան

Յոթը վերքերն իմ բարունակ սրինգիս,

Սրտիդ ճամփուն վրա մերկ ոտներս այրեցան,

Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս․․․

 

Բա՛ց ինձ կարմի՜ր շրթներդ կարմիր վերքի պես.

Բա՛ց ինձ թևերդ, հավերժական բա՜նտ անուշ,

Բա՛ց ինձ հոգուդ հրաշքներուն մուտքն անտես

Ու տո՜ւր ինձ հոն անէանալ, լուռ, անհուշ,

Բա՛ց ինձ կարմիր շրթներըդ լայն վերքի պես․․․

 

Ահա թոշնած շուշաններով քեզ կուգամ,

Ահա ոտքիդ տակ փառքիս խեղճ Սարդենին.

Ահա սրտիս խոպան դաշտն, ուր մի՛ անգամ

Չըծաղկելով սիրո նիհար վարդենին,

Ահա իմ սև շուշաններովս քեզ կուգամ․․․

 

Եկո՜ւր, եկո՜ւր, եկուր սիրե՜նք կաթոգին,

Ով չի սիրեր պիտի մեռնի առհավետ.

Սերը պետքն է, երազն է կյանքը կյանքին.

Սերը մահվան մեջ անուրջն է արփավետ.

Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին։

 Ռուբեն Սևակը՝ իր կյանքի մեծ սիրուն ու ապագա կնոջը՝ Եաննի Ապելին հանդիպել է 1907 թվականին Շվեյցարիայի Շամբեր ամառանոցային քաղաքում։ Եաննի Սևակը եղել է ժամանակի հայտնի դերասանուհի, բանաստեղծուհի, հրատարակել ժողովածուներ ֆրանսերեն։ Ռուբենն ու Եաննին ամուսնացել են 1910 թվականին։

rubensevak 16764829731739

Ռուբեն Սևակի նամակը Եաննի Ապելին․

Սիրելի՛ Պզտիկս

Այս առաւօտ ստացայ նամակդ: Կարդալով մեծապէս զարմացայ, որ չեմ ստացած երկու երկար նամակներդ, ինչպէս  եւ Լոզան ղրկուածները, որոնցմէ միայն մէկը հասաւ: Կյուսամ, որ շուտով կունենամ բոլորն ալ եւ այն ատեն կը պատասխանեմ երկարօրէն:

Սիրելի՛ Եաննի, ահաւասիկ ոչ միայն երկու ամիս կմնայ մեր տեսութեան: Այնքան քիչ է եւ այնպէս երկար… կը նախանձեմ սակայն քեզի, քիչ մը, պզտիկս… Սիրոյդ մեծութեանը, մէջ ու զգացմումներուդ բարձունքէն՝ կբաւարարուիս հիանալով եւ ժպտալով սիրոյդ… Սիրելի՛ս, որքա՜ն մաքուր ես, որքա՜ն իտէալական, եւ ինչպէս գիտես պզտիկ բառերը, որ սիրտս կը յուզեն եւ կը գտնես յուսադրիչ խօսքը, որ փղձկելու կը մղէ հոգիս խռովիչ նամակներուդ վրայ:

Այնքա՜ն քնքոյշ է հոգիդ, նայուածքդ այնպէ՜ս երազուն, որ կարելի է տեսնել սիրոյ նամակներուդ ընդմէջէն:

Եւ սակայն այնպէ՜ս վերացական եւ այնպէ՜ս ամպային ես նոյն ատեն, որ դժուար է հաւատալ կատարեալ իրականութեանդ եւ պէտք է հարց տալ, թէ իրապէս գոյութիւն ունի՞ս դուն:

Եւ սակայն դուն կա՛ս: Եւ կաս ինծի՛ համար…

Ինծի համար, ինծի, միայն ի՛մս… ի՜նչ ահագին եսասիրութիւն՝ ուրիշի մը հոգիին տիրացած ըլլալու զգացում: Զգալ, թէ աշխարհի վրայ, միլիոնաւոր մարդոց եւ անասնոց այս գիւղերուն մէջ կայ հոգի մը, որ քեզի կը պատկանի, որ պիտի ուզէր զոհուիլ քեզ համար, որ կրնայ հասկանալ քու մռայլ ներաշխարհդ, կրնայ սիրել կարճատեւ գույութիւնդ, ի՜նչ հարստութիւն, ի՜նչ բախտ, ի՜նչ երջանկութիւն:

Այսպէս ուրեմն, քաղցր բարեկամուհիս, մենք երկուքս ալ ունինք մէկս միւսս ունենալու սիրային այս եսասիրութիւնը: Դուն իմս ես, եւ ես՝ քուկդ: Աշխարհի մէջ ոչ ոք կայ, որ կարենայ խառնուիլ մեր գործին։

Ես քու ստրուկդ եմ, եւ այսուհանդերձ դուն անգութ տիրուհի մը չես: Քեզի կը պատկանիմ, կրնաս գուրգուրալ կամ փշրել զիս:

Ի՜նչ լաւ է երկուք ըլլալ եւ միայն մէկ անձ կազմել:

Սիրելի Եաննի, այս պզտիկ թռուցիկ տողերը գրելով քեզի,  դոյզն յաւակնութիւնը չունիմ խորացնելու մեր սիրոյ քննութիւնը։ Ա՜հ, ոչ։ Այս սէրը չափազանց գեղեցիկ է իր մասին խօսելու համար․եւ չափազանց խորունկ՝ կարենալ վերլուծելու համար։ Եւ արդէն որքան խօսինք այդ մասին, խօսելու փափաքը կաւելանա։

Ահա աւելի քան երկու տարի է, որ կը խօսինք մեր սիրոյն շուրջ, կը նկարենք ու կը նկարագրենք եւ դեռ չէ վերջացած: Վճիտ բիւրեղ մըն է՝ անհամար երեսներով:

Կարելի է դիտել իւրաքանչիւր երեսը, եւ ո՛ր կողմէն ալ նայինք՝ վսեմ է: Եւ յատկապես այդ է մեր սիրոյն մեծութիւնը: Մինչ ուրիշ մարդոց սէրը գեղեցիկ է միայն միակ կողմով մը, մերինը հաւասարապէս գեղեցիկ է բոլոր կողմերով: Զգացական գեղեցկութիւններու անծայր եւ մոգական համայնապատկեր մը, ուր երբեք չենք յոգնիր ման գալէն: Հոն ամէն անկիւն գեղեցիկ է:

Իզուր պիտի փնտռուի այնտեղ փշոտ մացառներու անկիւն մը, քանի մը մռայլ տեղեր, արիւնի հետքեր: Նման ոչինչ պիտի գտնուի այնտեղ, այլ միայն վճիտ գեղեցկութիւնը: Իրագործուած դրախտն է…

Եւ մենք երջանիկ ենք, այդ դրախտը իրականացուցած ըլլալնուս համար:

Կը ժպտի՞ս Եանիի: Կըսես, թէ դեռ  «շատ հեռու է մեր այդ սիրելի դրախտը»:

Ինչ փոյթ… երկու տարիէն աւելի է, որ կը քալենք դէպի այդ դրախտը։

Մեզի ի՜նչ դժուարութիւնները, վատութիւնները, այլոց չարութիւնները:

Ռուբեն, 1909թ. աշուն

sevakappel 16764832225831