Առաջիկա երեքշաբթի Ժնևում մեկնարկում է ուկրաինական կարգավորման «խորհրդատվությունների» երրորդ փուլը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլին տեղեկացրել է, որ ՌԴ պատվիրակությունը կազմված կլինի առնվազն տասնհինգ հոգուց:
Նա ասել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվի փոխարտգործնախարար Գալուզինը: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ռուսաստանյան բանակցային թիմը կգլխավոր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Աբու-Դաբիում հունվարի վերջին և փետրվարի սկզբին ընթացած քննարկումներին նման լիազորություններ Պուտինը վերապահել էր ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության պետ ծովակալ Կոստյուկովին:
Փետրվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ելույթից հետո հարցազրույց է տվել Bloomberg-ին և ակնարկել, որ կարող է փոխվել նաև ամերիկյան բանակցային թիմը: Ռուբոին այդ առումով հավելյալ ոչինչ չի ասել:
ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Արտասահմանյան ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիևը «մեկնել է Ժնև, որտեղ բանակցություններ կվարի Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովի և Ջերադ Քուշների հետ»:
Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը», հղելով արևմտյան աղբյուրներին, գրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին տնտեսական լայն համագործակցության մասին մի քանի կետից բաղկացած առաջարկություն է ներկայացրել:
Ըստ այդմ, Ռուսաստանը «համաձայն է դոլարը կրկին ընդունել որպես միջազգային պահուստային փոխարժեք»: Որևէ այլ աղբյուր այս տեղեկությունը չի հաստատել կամ հերքել:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ելույթում ԱՄՆ պետքարտուղարն ամերիկացիներին անվանել է «Եվրոպայի որդիներ», որ դավանում են նույն եվրոպական արժեքները: Նա ցրել է տպավորությունը, թե ԱՄՆ-ը «հեռանում է Եվրոպայից» և մեկնաբանել, որ Վաշինգտոնի ցանկությունը Եվրոպայում «ուժեղ դաշնակիցներ ունենալն» է:
Այս համատեքստում Ռուբիոն անցած մեկ տարվա ընթացքում, թերևս, առաջին անգամ հրապարակային հաստատել է, որ Թրամփի վարչակազմը «վստահ չէ, որ Ռուսաստանն իրական խաղաղություն է ուզում»:
Bloomberg-ին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարն ավելի է անկեղծացել և ասել, որ Ռուսաստանը «չի կարող ռազմական ճանապարհով Ուկրաինայում հասնել իր հռչակած նպատակներին»: Ռուբիոն անգամ թույլ է տվել հետախուզական տեղեկություն հրապարակել, ըստ որի՝ Ռուսաստանը «շաբաթվա ընթացքում վեց-յոթ հազար զինվորականի կորուստ է ունենում»:
Ռուբիոյի այս բացախասությունն, ամենայն հավանականությամբ, մեկնարկելիք բանակցություններում ԱՄՆ դիվանագիտական խոսույթի հիմնական թեզերի բացահայտման իմաստ ունի:
Հասկացվում է, որ Սպիտակ տունը հակադարձում է Պուտինին, ով մշտապես պնդում է, թե ռազմաճակատում նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքում է և եթե բանակցություններն արդյունքի չբերեն, «հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի»:
Այդ թեզը մի փոքր «սրբագրած» հնչեցրել է նաև ԱՄՆ նախագահը: Մյունխենի խորհրդաժողովի մեկնարկի նախօրեին նաև Վլադիմիր Զելենսկուն զգուշացրել է պահը բաց թողնելու վտանգի մասին:
Պետքարտուղար Ռուբիոն, մինչդեռ, պարզորոշ հասկանալ է տվել, որ Ուկրաինայում գետնի վրա իրավիճակն «այլևս Ռուսաստանի հաղթաթուղթը» չէ:

Բաց մի թողեք
Օրբանը «պուտինիզմը» համարում է պարզունակ և անլուրջ
Ռուսաստանը թունավորել է Նավալնիին՝ հինգ եվրոպական երկրների գիտական եզրակացությունները
Ռուսաստանի սպասելիքները կառուցված են ԱՄՆ – Եվրամիություն տարաձայնություններից